Այսօր լրանում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սուրեն Չանչուրյանի 85-ամյակը:

Սուրեն Չանչուրյանը մի գործիչ էր, որն իր ողջ գիտակցական կյանքը նվիրել էր պարարվեստին և, ըստ էության, անքակտելի կապերով կապել իր անունը Հայաստանի պարի պետական անսամբլի հետ, վերածվել այդ անսամբլի յուրատեսակ խորհրդանիշի։

«Գիտեմ մի բան. նախ պետք է հոգիդ պարի, հետո հոգուդ թռիչքը շարժումի վերածվի ու փոխանցվի մարմնիդ: Եթե պարելիս մտածում ես ինչպես պարել` վատ պարող ես, եթե մտածում ես ինչ պարել` ուրեմն կհասնես հաջողության: Պարը ինքնարտահայտման միջոց է, հոգևոր տարածք, հանդիսատեսի ու աշխարհի հետ զրուցելու միջոց: Պարելիս երակներումդ ժողովրդիդ արյունը պետք է հոսի, նախնիներիդ գենետիկ հիշողությունը, հպարտությունը` հայ լինել ու մնալու համար»:

Սուրեն Չանչուրյանի այս խոսքերն ուղենիշ են եղել նրա սաների համար, որոնք հաջողությամբ ներկայացրել են հայկական պարը աշխարհի բազմաթիվ երկրների բեմերում` ամենուր արժանանալով հանդիսատեսի հիացմունքին:

Սուրեն Չանչուրյանը պարարվեստի սիրահարների հիշողության մեջ կմնա որպես բացառիկ կամքի տեր անձնավորություն, ստեղծագործական կոլեկտիվի անկրկնելի առաջնորդ, օրինակելի ուսուցիչ, գործընկեր ու անհատականություն։