Հայաստանի պատմության թանգարանը հյուրընկալել է հայազգի առաջին տիեզերագնաց, ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր Ջեյմս Բաղյանին, որը Հայաստան է այցելել «STARMUS» փառատոնի շրջանակում։

Գիտնականն իր տիեզերական թռիչքների ընթացքում համազգեստին կրած կրծքանշանները նվիրաբերել է թանգարանին։ Նա գրառում է կատարել թանգարանի տպավորությունների գրքում, ծանոթացել թանգարանի նորաբաց «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» մշտական ցուցադրությանը և գործող մյուս ժամանակավոր ցուցադրություններին։

Նվիրաբերած շքանշաններն առաջինն են Հայաստանի պատմության թանգարանում՝ որպես տիեզերական ճամփորդությունների վկաներ և հայկական գիտական մտքի նվաճումների հերթական խորհրդանիշներ։ Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Ջեյմս Բաղյանին արժեքավոր ցուցանմուշների համար և նշել, որ դրանք ոգեշնչման աղբյուր կլինեն այցելուների համար։

Հիշեցնենք, որ Ջեյմս Բաղյանը 1989 թվականի մարտի 13-18-ն առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով՝ 337 ժամ անցկացնելով տիեզերքում։ Երկրորդ թռիչքն իրականացրել է 1991 թվականի հունիսի 5-14-ը «Կոլումբիա» տիեզերանավով։ Իր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։