ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և մշակույթի նախարարի խորհրդական Վուկ Ռադուլովիչին:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը և դեսպանության խորհրդական Զորան Մարինկովիչը:

Վուկ Ռադուլովիչը Հայաստան էր ժամանել 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կայացած «STARMUS» փառատոնի շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է Սերբիայի Հանրապետության ներկայացուցչին և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և փառատոնին մասնակցելու համար:

Արթուր Մարտիրոսյանն իրազեկել է, որ ներկայում Հայաստանում բարեփոխումներ են իրականացվում կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, և պետական բյուջեից շարունակաբար ավելի շատ գումար է հատկացվում հանրակրթության և գիտության ոլորտների զարգացմանը: Նա նշել է, որ այս համատեքստում ԿԳՄՍ նախարարությունը հետաքրքրված է Արևելյան Եվրոպայի և հատկապես Սերբիայի փորձով:

Կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունը: Անդրադարձ է եղել նաև ԵՄ և ԵԽ ծրագրերի («Էրազմուս+», «Հորիզոն Եվրոպա», «Ստեղծագործ Եվրոպա», «Մշակութային ուղիներ») շրջանակներում համագործակցելու ուղիներին:

Կարևորվել է մշակույթի ոլորտում համագործակցության գործնական քայլերի իրագործումը, մասնավորապես Սերբիայի մշակութային մայրաքաղաք Նովի Սադ քաղաքի և Հայաստանի որևէ քաղաքի միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունը:


Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: