ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ուսուցիչները, դաստիարակները և ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։

«Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝ առավելագույնը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և տուրքերը), խմբային ծրագրերի դեպքում՝ առավելագույնը մեկ միլիոն ՀՀ դրամ (պարգևատրման չափը կարող է փոփոխվել՝ կախված ներկայացված ծրագրերից և դրանց գնահատման արդյունքներից)։ Մասնակցի (կամ խմբի) կողմից ներկայացվող ծրագրային առաջարկը կարող է ներկայացվել միայն մեկ անվանակարգում։

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,
  • հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,
  • նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր:

Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք փուլերով՝

1) ծրագրային առաջարկների ընդունում,

2) ծրագրային առաջարկների գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում,

3) մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկների պարգևատրում:

Մրցույթին ներկայացվող ծրագրային առաջարկը պետք է պարունակի հետևյալ փաստաթղթերը.

  1. Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) ինքնակենսագրականը՝ CV (հայերեն, տառատեսակը՝ «Unicode/Sylfaen/», տառաչափը՝ 12, առավելագույնը՝ 1 էջ, «Word» տարբերակով):
  2. Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ, PDF տարբերակով) պատճենը:
  3. Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) մասնագիտական կրթությունը և որակավորման աստիճանը հավաստող փաստաթղթերի պատճենները (PDF տարբերակով):
  4. Տեղեկանք աշխատավայրից (կամ գործատուից)՝ տվյալ պահի դրությամբ համապատասխան ուսումնական հաստատության աշխատակից (տնօրեն, ուսուցիչ/դաստիարակ, ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչ) լինելու վերաբերյալ։
  5. Ծրագրի սեղմագիրը (հայերեն, տառատեսակը՝ «Unicode/Sylfaen/», տառաչափը՝ 12, ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 5 էջը, կցվի «Word» տարբերակով)՝ համաձայն ձև 1-ի, (ինչպես նաև անհրաժեշտ է լրացնել ձև 2-ը և ներկայացնել «Word» տարբերակով։
  6. եթե ծրագրային առաջարկը վերաբերում է արդեն իսկ կիրառված փորձին, դրա հետագա տարածմանը, պետք է ներառել նաև դրա կիրառության արդյունավետության գնահատում, ուղեկցող նյութեր, օրինակ՝ անցկացրած որևէ դասի նկարագրություն (դասի տեսագրություն):

Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի սեպտեմբերի 23-ն է (ժամը՝ 18։00-ն): Ժամկետից ուշ ներկայացված ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։ Ոչ ամբողջական ծրագրային առաջարկների պարագայում հանձնաժողովի որոշմամբ տրվում է 3 աշխատանքային օր (միայն մեկ անգամ)՝ բացակայող փաստաթղթերի ներկայացման համար։ Տրված ժամկետից հետո ներկայացված ոչ ամբողջական ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։

Բոլոր ծրագրային առաջարկները, որոնք ամբողջական են և ներկայացված են հայտարարությամբ սահմանված ժամկետներում, գնահատվում են հանձնաժողովի կողմից ծրագրային առաջարկների ընդունման վերջնաժամկետից հետո՝ առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Ներկայացված հայտերի գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ծրագրային առաջարկի հիմնավորվածությունը, համապատասխանությունը ներկայացված պահանջներին և այլ չափանիշներ:

Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները կհրապարակվեն նախարարության պաշտոնական կայքում՝ արդյունքներն ամփոփելուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ծրագրային առաջարկների հայտերն անհրաժեշտ է ուղարկել info@escs.am էլեկտրոնային հասցեին՝ կցելով նաև ուղեկցող գրությունը` ուղղված նախարարին։

Նշենք, որ «Տարվա լավագույնները» մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին` նպաստելով նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը և առաջավոր փորձի տարածմանը: