Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված Համաշխարհային 44-րդ օլիմպիադայում:
Վերջին՝ 11-րդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցել է Իսպանիայի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Հայաստանի հավաքականին հաղթական միավորը պարգևել է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ սպիտակ խաղաքարերով առավելության հասնելով Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը:
Հայաստանի հավաքականը 19 միավոր է վաստակել: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:
Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), Հնդկաստանի գլխավոր թիմին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1) ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ և զիջել միայն Ուզբեկստանին (1:3):
Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ:
Հայաստանի կանանց հավաքականն էլ վերջին տուրում 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:
Վերջնարդյունքում Հայաստանի կանանց հավաքականը, Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, 16 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը:
Հայաստանի շախմատի հավաքականները Երևան կվերադառնան օգոստոսի 10-ին՝ ժամը 16:30-ին, Շարժա-Երևան չվերթով: