ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել կրթական բարեփոխումների օրակարգի և ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի ռազմավարության մշակմանը և այդ համատեքստում բարձրագույն, մասնագիտական կրթության ու հանրակրթության բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին, բարձրագույն կրթության որակի չափորոշիչներին և ռազմավարական ուղենիշներին, պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական հմտությունների զարգացմանը, օտար լեզուներով կրթության հնարավորություններին, ակադեմիական միջավայրի բարելավմանը և այլ թեմաների:

Ներկայացվել է մասնագիտական կրթության ռեֆորմի ընթացքը, քննարկվել են հանրակրթության բնագավառում արդեն իսկ մեկնարկած բարեփոխման աշխատանքները:

Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտի բարեփոխումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթություններից է, և այս բնագավառում պետք է գնալ ռազմավարական լուծումների՝ ապահովելով հանրակրթություն-մասնագիտական կրթություն–բարձրագույն կրթություն շղթայի փոխգործելիությունը:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ պետք է ինտենսիվ շարունակել կրթության ռազմավարության շուրջ աշխատանքային քննարկումները՝ առանցքում ունենալով կրթության բովանդակության և ֆիզիկական ենթակառուցվածքների ձևավորման խնդիրները: