ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում այսօր Կատարի Պետություն է մեկնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կատարի Պետության վարչապետ, ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Ընդգծվել է վերը նշված բոլոր ուղղությունների կապերը զարգացնելու լայն ներուժը, որի իրացման նպատակով երկու երկրների վարչապետները կառավարությունների համապատասխան ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին տվել են կոնկրետ հանձնարարականներ:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին ստորագրել են Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կատարի առողջապահության նախարար տիկին Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարին ստորագրել են ՀՀ և ԿՊ միջև առողաջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ Ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։