Այսօր հանրապետությունում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այդ առթիվ եղել է Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները պետք է քննություն հանձնեին «Կենսաբանություն» առարկայից:

Մինչ քննական գործընթացի մեկնարկը Կարեն Թռչունյանը քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներով, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպչական աշխատանքներին, զրուցել դիմորդների հետ:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ Սոնա Սիմոնյանը փոխնախարարի հետ զրույցի ընթացքում նշել է, որ «Կենսաբանություն» առարկան լավ է ուսումնասիրել և՛ դպրոցում, և՛ լրացուցիչ պարապմունքների ընթացքում. «Չեմ անհանգստանում. վստահ եմ, որ հաղթահարելու եմ և ընդունվելու ԵՊԲ համալսարան: Դեռ չեմ կողմնորոշվել, թե որ ֆակուլտետում եմ ուզում ուսումս շարունակել, բայց հստակ գիտեմ՝ բժիշկ եմ դառնալու»:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Թռչունյանը փաստել է, որ քննական գործընթացը կազմակերպվել է ընթացակարգի համաձայն՝ առանց խնդիրների:

«Հարկ է նշել, որ վերջին տարիներին բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է, ինչը ողջունելի է: Մենք մշտապես կատարելագործում և վերահսկում ենք քննական գործընթացի կազմակերպման ու իրականացման աշխատանքները՝ հաշվի առնելով նաև համապատասխան կառույցների կողմից արված առաջարկները: Մասնավորապես 2023 թ. դիմորդներն արդեն երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն են ունենալու: Աշխարհում այս մեթոդն ընդունված է: Մենք նախատեսում ենք մշտադիտարկում իրականացնել՝ համակարգի արդյունավետությունը պարզելու և հետագայում այն առավել կատարելագործելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Հավելենք, որ Երևանում ու մարզերում գործում է 15 քննական կենտրոն, 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում: Այսօր առաջին քննությունները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից են: «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1.635 դիմորդ (2021-2022 ուստարի՝ 1.304 դիմորդ), իսկ «Աշխարհագրություն» առարկայից՝ 127 (2021-2022 ուստարի՝ 176 դիմորդ):