ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները և դասընթացները Ցանկում ընդգրկելու համար:
Մրցույթն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 11-ի N 15-Ն հրամանով հաստատված՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթների:
Հաստատության` հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների (այսուհետ` Կազմակերպություն) և վերապատրաստման ամբողջ ծրագրի կամ նրա առանձին բաժինների հիման վրա կազմված դասընթացների (այսուհետ՝ Դասընթաց) ընտրությունն իրականացնում և ուսուցիչների վերապատրաստման ոլորտում դրանց գործունեությունը 3 տարի ժամկետով երաշխավորում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` Նախարար):
Կազմակերպությունը և Դասընթացը Ցանկում ընդգրկվում են Կարգի համաձայն՝ գնահատման արդյունքների հիման վրա, Նախարարի հրամանով, որը տեղադրվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջում, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում և հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով:
Կազմակերպությունը և Դասընթացը կարող են ճանաչվել երաշխավորված՝ Կարգի 7-12-րդ կետերով ամրագրված՝ Կազմակերպությանը և Դասընթացին ներկայացվող չափանիշներին համապատասխանելու դեպքում: Կազմակերպությունը կարող է երաշխավորվել վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաժնի մասով։
Կազմակերպությունը վերապատրաստում է իրականացնելու՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի մարտի 4-ի՝ «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» N 367-Ա/2 հրամանով սահմանված պահանջների:
Ցանկում կազմակերպությունը և դասընթացը ընդգրկելու համար ներկայացվող չափանիշները
Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող`
1) Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ,
2) կրթության ոլորտում իրենց կանոնադրությամբ ամրագրված վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:
Ցանկում ընդգրկվելու համար հայտ ներկայացրած Կազմակերպությունը պետք է ունենա`
1) վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
2) վերապատրաստումը առկա, հեռավար կամ համակցված մեթոդով (միաժամանակ և՛ առկա, և՛ հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ, ծրագրեր,
3) ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (այսուհետ՝ ՏՀՏ) միջոցներ, սարքավորումներ,
4) վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն`
ա. բարձրագույն մանկավարժական կրթություն՝ տվյալ առարկայի համապատասխան որակավորմամբ և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա վերապատրաստումների իրականացման փորձ` ղեկավար կամ մանկավարժական կադրերի պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում,
բ. գիտելիքներ և հմտություններ` մանկավարժության տեսության և պրակտիկայի արդի զարգացումների, այդ թվում՝ մանկավարժության մեջ տեխնոլոգիաների կիրառության, ներառականության ապահովման ուղղությամբ, հանրակրթության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության, մանկավարժական տեսության և առարկայի դասավանդման մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:
Կազմակերպությունը պետք է՝
1) ուսուցիչներին ապահովի վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով,
2) ապահովի վերապատրաստումների գործընթացի հետ կապված կազմակերպչական աշխատանքներ՝ պլանավորում, իրականացում և դասընթացի արդյունքների ամփոփում, ուսուցչի գնահատում,
3) կատարած աշխատանքների վերաբերյալ կազմի և Նախարարություն ներկայացնի ամփոփիչ բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ:
Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել Ցանկում, եթե`
1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմակերպման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք,
2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:
11.Կազմակերպության համապատասխանությունը ուսուցիչ վերապատրաստող կազմակերպությանը ներկայացվող չափանիշներին գնահատվում է Նախարարության կողմից` սույն կարգի 13-21-րդ կետերի պահանջների համաձայն:
Ցանկում կարող են ընդգրկվել Դասընթացներ, որոնք՝
1) ներկայացվում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված Կազմակերպությունների կողմից։
2) համապատասխանում են ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կամ դրա բաժնի բովանդակությանը։
Վերապատրաստում իրականացնել ցանկացող Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ` համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, որը ներառում է`
1) Դիմում,
2) Կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,
3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),
4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի ինքնակենսագրական տվյալներ, այդ թվում` տեղեկություններ սույն կարգի 8-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջների վերաբերյալ,
5) Կազմակերպության` ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),
6) տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով Կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ հեռավար կամ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,
7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից Կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,
8) առարկաների ցանկը, որոնք ուսուցանող ուսուցիչների վերապատրաստումը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը:
Վերոնշյալ կարգի 16-րդ կետում նշված հայտի հետ միասին Կազմակերպությունը ներկայացնում է Նախարարի կողմից հաստատված ուսուցչի վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 110-ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ, որոնց մշակման վերաբերյալ ուղեցույցները հրապարակվում են Նախարարության և «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶՆԱԿ) պաշտոնական կայքերում: Եթե կազմակերպությունը դիմում է երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում է միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:
Դասընթացը երաշխավորելու համար սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված կազմակերպությունները ներկայացնում են Նախարարի կողմից սահմանված ձևի հայտ՝ համաձայն սույն հավելվածի Ձև 4-ի, որը ներառում է՝
1) Նախարարի կողմից հաստատված՝ ուսուցչի վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին Դասընթացի համապատասխանության հիմնավորում,
2) Դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքի հասցեն),
3) Դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ Դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,
4) Դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է փաստաթղթերն ուղարկել /secretariat@escs.am/ հասցեով, 2022 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 18:00-ն՝ բացի շաբաթ և կիրակի օրերից: