ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։
Մրցույթի ամփոփմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը: Նրա խոսքով՝ այս տարի ԵՊՀ թիմերը ոչ միայն մրցակցում էին մյուս համալսարանների թիմերի հետ, այլև միմյանց հետ, քանի որ երկու թիմերն էլ եզրափակիչ անցնելու մեծ հնարավորություններ ունեին. «Որպես 2001 թվականից ICPC համալսարանական թիմերի ծրագրավորման միջազգային օլիմպիադայի Հայաստանի տարածաշրջանային տնօրեն՝ շնորհակալություն եմ հայտնում ԵՊՀ ռեկտոր պարոն Հովհաննիսյանին, «CodeSignal» ընկերությանը և մարզիչներին: Շնորհավորում եմ բոլորիս. գիտեք, որ սա շատ լրջագույն նվաճում է, և մեր նպատակն է, որ ՀՀ համալսարանները քայլեն աշխարհի առաջատար բուհերի հետ»:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին նշել է, որ «Yerevan SU-2813» թիմի գրանցած արդյունքն օլիմպիադայի բոլոր մասնակիցների միջև 10-րդն է, և թիմի անդամները պարգևատրվել են բրոնզե մեդալներով։
«Այս նվաճումը հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունք է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարար, մրցույթի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն Վահրամ Դումանյանին, ով մեծ ներդրում ունի մրցույթին հայաստանյան թիմերի մասնակցության և նրանց ձեռքբերումների գործում»,- ընդգծել է ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով նաև թիմերի մարզիչներ Արմեն Անդրեասյանին, Ալբերտ Սահակյանին, ուսանողներին և այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս հաջողությանը հասնելու ճանապարհին:
«CodeSignal» ընկերության ինժեներական տնօրեն Էդուարդ Փիլիպոսյանի խոսքով՝ ընկերությունն ակտիվ աջակցում է օլիմպիական շարժմանը:
«Մեզ համար կարևոր էր բարձր արդյունքներ գրանցելը, և մենք ունենք երբևէ եղած լավագույն արդյունքը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ընկերությունն առաջին 5 թիմերի համար պատրաստել է հատուկ մրցանակներ:
«Մեր լավագույն թիմը 10-րդ տեղում է՝ արժանանալով բրոնզե մեդալների։ Հրապարակվել է նաև 10 թիմերի ցուցակը, որոնք նվաճել են եզրափակչի ուղեգիր։ Այդ ցուցակում ԵՊՀ թիմը 8-րդն է։ 6 կամ 7 խնդիր լուծած թիմերին տրվել է 2-րդ կարգի դիպլոմ՝ մեր թիմերից երեքը։ 4-5 խնդիր լուծած թիմերը ստացել են 3-րդ կարգի դիպլոմ՝ մեր չորրորդ թիմը»,- նշել է ԵՊՀ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը՝ վստահեցնելով, որ հաջորդ տարի ևս համալսարանական թիմերից մեկը դուրս կգա եզրափակիչ փուլ:
«Yerevan SU-2813» թիմի անդամ Վահագն Ալթունյանը սովորում է մայր բուհի ԻԿՄ ֆակուլտետում: Նա ուրախությամբ նշում է, որ իր թիմը մասնակցելու է եզրափակչին. «Շատ մարտական ենք տրամադրված, քանի որ նման արդյունք կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի թիմերի շրջանում նախադեպը չուներ: Ցանկություն ունենք կրկնելու մեր արդյունքը եզրափակիչ փուլում և նոր ռեկորդներ գրանցելու»։
Հիշեցնենք, որ մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում: