Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» (այսուհետ` կարգի) պահանջներին համապատասխան:

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ունեն՝

1. ուսումնական տարածք (սեփականության վկայականի պատճեն կամ վարձակալության պայմանագիր կամ վարձակալության վերաբերյալ երկկողմանի նախնական համաձայնությունը),
2. վերապատրաստման առնվազն մեկ տարվա փորձառություն ունեցող մասնագետներ,
3. հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» օրենքի
12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի ապրիլի 8-ի N 533-Ա հրամանով հաստատված հարցաշարին (https://escs.am/am/news/12154) համապատասխան ծրագիր.
4. հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլան` համաձայն
Ձև 1-ի,
5. վերապատրաստման տևողության վերաբերյալ նշում, որը պետք է լինի ոչ պակաս, քան 15 և ոչ ավել, քան 20 օր.
6. նյութատեխնիկական բազայի առկայություն, այդ թվում՝ հիբրիդային կամ հեռավար եղանակով վերապատրաստման կազմակերպման դեպքում անհրաժեշտ հագեցվածություն:

Վերապատրաստող կազմակերպության ներկայացրած հայտը մերժվում է, եթե

1. հայտում բացակայում են 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետով սահմանված պայմանները և չափանիշները կամ դրանցից որևէ մեկը, կամ այդ պայմաններով ներկայացված տեղեկատվությունը չի համապատասխանում կարգի 7-րդ կետով տվյալ պայմանի համար սահմանված պահանջին,
2. նախարարության կողմից նախորդ տարի երաշխավորված վերապատրաստող կազմակերպության կողմից վերապատրաստված հավակնորդների առնվազն 40 տոկոսը չի հաղթահարել Հավաստագրման քննությունը,
3. վերապատրաստող կազմակերպությունը նախորդ վերապատրաստման գործընթացն իրականացրել է ՀՀ կրթության և գիտության
18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների խախտմամբ, կամ առկա են հիմնավոր փաստեր վերապատրաստման ընթացակարգերի և գործընթացի ոչ բարեխիղճ իրականացման վերաբերյալ:

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են մինչև 2022 թվականի ապրիլի 29-ը՝ ժամը 18:00-ը, դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հասցե` ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, էլփոստ. secretariat@escs.am):

Հանձնաժողովը ընտրության արդյունքները կներկայացնի հրապարակման Նախարարության պաշտոնական կայքէջում ընտրության անցկացմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: