ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «ArtNexus» ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Հուշագիրը հայաստանյան կողմից ստորագրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ շվեդական կողմից՝ Շվեդիայի արվեստի դրամաշնորհների գործակալության գլխավոր տնօրեն Աննա Սոդերբաքը։ Հուշագրի ստորագրման արարողությանը հեռավար ձևաչափով ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և «ArtNexus» ծրագրի տնօրեն Նեդա Մանսուրին:

Շվեդական այս նոր նախաձեռնությունը՝ «ArtNexus» ծրագիրը, նպատակ ունի փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման միջոցով զարգացնել մշակութային հաստատությունների և անհատ արվեստագետների կարողությունները, խթանել մշակույթի ոլորտում պետություն-հանրություն երկխոսությունը: Այն հնարավորություն կստեղծի աջակցելու Հայաստանում արվեստի և մշակույթի ոլորտի փոխակերպմանը, ինչպես նաև կնպաստի Հայաստանի և Շվեդիայի միջև մշակութային կապերի ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը:

Իր խոսքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ծրագրի իրականացումը Հայաստանում՝ մշակութային քաղաքականության զարգացման և Հայաստանի ու Շվեդիայի և լայն առումով եվրոպական երկրների հետ մշակութային երկխոսության ու մշակութային կապերի զարգացման համատեքստում։ Նա երախտագիտություն է հայտնել շվեդ գործընկերներին՝ Ալբանիայի հետ Հայաստանը որպես ծրագրի իրականացման երկրորդ երկիր ընտրելու համար։

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը կհաջորդի խորհրդատվական փուլը, որը կտևի մինչև 2022 թ. հունիս: «ArtNexus» ծրագիրը Հայաստանում կտևի 3 տարի՝ մինչև 5 տարի երկարաձգման հնարավորությամբ: