Երևանում մայիսին կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանն ընդառաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն ու եվրոպական ֆեդերացիայի ղեկավարները հանդիպել են լրագրողների հետ, մանրամասներ ներկայացրել մրցաշարի կազմակերպչական աշխատանքներից:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սպորտի, առողջ ապրելակերպի խթանումը Կառավարության առաջնահերթություններից է:

«Նման միջոցառումների հյուրընկալումը Հայաստանի Հանրապետությունում թույլ կտա մեզ լուծել այդ խնդիրները: Գիտեք, որ այս միջոցառումը հյուրընկալելու իրավունքը մենք ստացել ենք նախորդ տարի: Աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որտեղ ներգրավված են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ»,- ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ֆան-գոտիներ կստեղծվեն Կարապի լճի հարակից տարածքում, Հյուսիսային պողոտայում. կտեղադրվի մեծ էկրան, ներկայացված կլինեն մարզական միջոցառման մասնակիցների նկարները:

«Մենք ամբողջ թափով պատրաստվում ենք միջոցառմանը, և վստահ եմ, որ այն լինելու է լավագույն առաջնություններից մեկը, եթե ոչ՝ լավագույնը: Կլինի գեղեցիկ բացման արարողություն, որի ընթացքում կներկայացնենք մեր ներկան, անցյալը և, իհարկե, ապագան»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ ընդգծել է՝ բոլորիս համար այսպիսի միջոցառում կազմակերպելը շատ պատասխանատու աշխատանք է. «Վերջապես Հայաստանը կայուն տեղ կունենա աշխարհի սպորտային քարտեզում: Ամեն մեկս իրենից կախվածը պետք է անի, որ մեր երկիրը շատ լավ ներկայանա»:

Եվրոպական կոնֆեդերացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Եգորովը վստահություն է հայտնել՝ Երևանն ամենաբարձր մակարդակով կանցկացնի մրցաշարը. «Հաճելի է լինել Հայաստանում: Ուրախ ենք, որ նման մրցաշարը կայանալու է ձեր երկրում: Երեկ ու այսօր մի քանի հանդիպում ենք ունեցել, այցելել հյուրանոցներ, եղել մրցաշարի անցկացման վայրում: Շատ տպավորված ենք: Վստահ եմ, որ Եվրոպայի առաջնությունը կանցնի ամենաբարձր մակարդակով: Շնորհակալ եմ, որ այսպիսի աշխատանք եք անում: Վստահ եմ՝ երկրպագուներն ու բոլոր մասնակիցները կվայելեն այս գեղեցիկ մարզաձևը»:

EUBC մրցաշարերի մենեջեր Դրագոլյուբ Ռադովիչը ևս վստահ է, որ առաջնությունը լավ կկազմակերպվի. «Առաջին անգամ եմ Հայաստանում ու ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը: Հավատում եմ, որ ով կգա Հայաստան, իրեն այդպես կզգա: Շուտով նորից կհանդիպենք: Շնորհակալ եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային ու Հայաստանին, որոնք կազմակերպելու են այս առաջնությունը: Այստեղ տեսածս վստահություն է տալիս, որ այս առաջնությունը լավ է կազմակերպվելու»:

Եվրոպայի առաջնության մասնակցության հայտերի ընդունումը դեռ չի մեկնարկել: Այդուհանդերձ, ակնկալվում է 30-40 երկրի մասնակցություն: Առաջնության մուտքը լինելու է տոմսերով, սակայն դեռ հստակ չէ, թե դրանք որքան կարժենան:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Երևանում կայանալիք մրցաշարին:

Զեկուցվել է, որ առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներն առաջնությունը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, մարզահամերգային համալիրում վերանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:
Քննարկվել են նաև մրցաշարի բացման արարողությանը, մարզիկների տեղակայմանը, անվտանգությանը, առաջնության լուսաբանմանն առնչվող հարցերը: