ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է երաժշտական և արվեստի դպրոցներում ներառականության ապահովմանն ուղղված դասընթացների կազմակերպման ծրագիրը, որն իրականացվում է առաջին անգամ:

Երաժշտական և արվեստի դպրոցների ոչ բոլոր ուսուցիչներն են պատրաստ լիարժեք աշխատելու կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ, քանի որ չունեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ: Ծրագիրը կոչված է՝ լրացնելու այդ բացը:

Ծրագրի նպատակն այն է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն կրթական համակարգից և չզրկվեն գեղարվեստական որակյալ կրթություն ստանալու իրավունքից: Ծրագրի ընթացքում կապահովվեն անհատական աջակցությանն ուղղված արդյունավետ միջոցներ համապատասխան միջավայրում, ինչն էլ առավելագույնս կնպաստի նրանց ուսումնական ու սոցիալական զարգացմանը:

Ծրագրի արդյունքում ակնկալվում են մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացում և նրանց կրթության իրավունքի ապահովում:

Ծրագիրը հունվար-մայիս և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացվի Երևանում. այն կիրականացնի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» 26 ուսումնական հաստատությունում, և կներառվի շուրջ 500 մասնակից (մանկավարժ): Նախագծում կընդգրկվեն ներառական ոլորտի առաջատար մասնագետներ, որոնց միջոցով տարվա ընթացքում կիրականացվեն դասընթացներ: Ծրագիրը կներառի գործնական և տեսական պարապմունքներ: