ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ և ճկուն մոտեցումների կիրառմանը, ուսուցիչների գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ներդրմանը, հանրակրթության ոլորտում ծախսերի, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնք հաշվի առնելով էլ այն կլրամշակվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրակրթության ոլորտում շարունակական և արդյունավետ բարեփոխումները՝ ընդգծելով, որ կրթության որակի բարձրացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է: