Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում է քառորդ եզրափակչի փուլը. Հայաստանից պայքարը շարունակում է 2 բռնցքամարտիկ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Բաչկովն ու Չալոյանը կանցկացնեն 1/4 եզրափակչի իրենց մենամարտերն ու հաղթանակի դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ:

Բաչկովը երեկոյան կմենամարտի թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի հետ, որի հետ, ի դեպ, երկրորդ անգամ է հանդիպելու ռինգում: 2019 թվականի աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչում Բաչկովը 4:1 հաշվով հաղթել է Վունգսուվանին:

Նշենք՝ Բաչկովը 1/8 եզրափակչում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի հետ և 3-2 հաշվով հաղթանակ տարել: Գյումրեցի բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ տպավորիչ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովի նկատմամբ:

Գերծանր քաշային Դավիթ Չալոյանն էլ քառորդ եզրափակչում կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովի հետ: Նրա մենամարտը կկայանա ցերեկային մրցահերթում:

Չալոյանը ևս ծանոթ է իր մրցակցին. 2021 թվականի սեպտեմբերին Մոսկվայում կայացած բանակայինների աշխարհի առաջնությունում Չալոյանն ու Մուլուջովը հանդիպել էին կիսաեզրափակչում, սակայն մեր բռնցքամարտիկը պարտություն էր կրել ու դարձել բրոնզե մեդալակիր:

Չալոյանը ևս Գյումրիից է: Աշխարհի առաջնությունում նա պայքարը սկսել է 1/16 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնտե Ռովագային: 1/8 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը նույն հաշվով առավելության էր հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Քրիստիան Սալսեդո Կոդասիի նկատմամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս ներկայացուցիչներին, ապա երեկ՝ նոյեմբերի 1-ին, 1/8 եզրափակչում պարտություն կրեցին և պայքարից դուրս մնացին 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 57 կգ քաշային Արթուր Բազեյանը: Հովհաննիսյանը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիլլ Ռոսկոյի հետ և մրցավարների կասկածելի որոշումների արդյունքում պարտվեց 1:4 հաշվով, իսկ Բազեյանը 0-5 հաշվով զիջեց կուբացի Օվսել Գարիսա Կաբալերոյին: