ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը։

ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ ավանդաբար ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդն ամփոփում է նախորդ նիստում ընդունված որոշումների իրականացումը և բոլոր երկրների համար ուղենշում հաջորդ ժամանակահատվածի անելիքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանում երիտասարդության պետական քաղաքականության հիմնական ուղղություններին՝ փաստելով, որ ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրում ամրագրված է՝ ընդունվելու են երկու հիմնարար փաստաթղթեր՝ երիտասարդության զարգացման ռազմավարություն և օրենք երիտասարդության մասին։

«Հայաստանն առաջիկայում պլանավորում է ունենալ երիտասարդության քաղաքականության պետական ծրագիր, ռազմավարություն առաջիկա հինգ տարիների համար, որտեղ ներառված են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նաև երիտասարդության մասին օրենքի ընդունում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, թե մենք ինչքան շուտ կընդունենք երիտասարդության պետական ռազմավարության նախագիծը, որի մշակումն այժմ վերջնական փուլում է:

ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը շատ լավ հարթակ է միջպետական համագործակցության ծավալման համար։ Տարբեր երկրներ բազմակողմ ձևաչափով կարող են փորձ ձեռք բերել. օրինակ՝ մի երկրի կամավորության զարգացման փորձը, մյուսի՝ երիտասարդներին ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության մոդելը դիտարկել։ ՀՀ պարագայում միգուցե օրինակելի կարող է լինել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։

Անդրադառնալով «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին՝ նա նշել է, որ անդամ պետություններին հնարավորություն է տրվում ինքնուրույնաբար որոշելու այն մեխանիզմները, որոնցով կընտրվեն լավագույն ծրագրերը:

«Հայաստանը մինչ այժմ ընտրությունը կատարում էր գիտական նորույթի հիմքով, սակայն ապագայում կարևորություն կտանք սոցիալական նորարարությանը»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և հույս հայտնել, որ Հայաստանից ներկայացված նախագծերից որևէ մեկը մրցութային անվանակարգերում լավագույնը կճանաչվի։

Նա նաև տեղեկացրել է, որ մրցութային կազմկոմիտեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի շուրջ 50 հայտ է ստացել։

Ներկայացնելով ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի գործունեությունը՝ խորհրդի նախագահ Տատյանա Կովալևան նշել է, որ խորհրդի կազմում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդության պետական քաղաքականության մշակմամբ զբաղվող պետական կառավարական կառույցներն ու գերատեսչությունները։

«Խորհուրդը համակարգում է ԱՊՀ անդամ պետությունների միջև երիտասարդության քաղաքականության շրջանակում նախանշվող համագործակցությունը՝ համակարգելով մի շարք միջոցառումներ։ Այսօրվա՝ Կապանում անցկացվող խորհրդի նիստը յուրահատուկ է, քանի որ նախ անցկացվում է ԱՊՀ հիմնադրման 30-ամյակի շրջանակում։ Մենք, ըստ էության, այժմ ի մի ենք բերում երիտասարդության ոլորտում ԱՊՀ մասնակից պետություններում կատարված աշխատանքները և կարող ենք արձանագրել, որ կա ակնհայտ ձեռքբերում։ Սա նաև փորձի փոխանակման շատ լավ հարթակ է՝ միմյանցից վերցնելու առավել հաջողված նախաձեռնությունները»,- նշել է Տ Կովալևան։

Ըստ նրա՝ խորհրդանշական է նաև միջոցառման անցկացումը Հայաստանի հարավային այդ քաղաքում՝ Կապանում, որն այս տարվա ՀՀ երիտասարդական մայրաքաղաքն է. «Մենք այժմ խորհրդի նիստում քննարկում ենք ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի նախագիծը, որի հիմքում դրված են մասնակից երկրների երիտասարդական մայրաքաղաքների հռչակման ծրագրերի փորձը»։

Նշենք, որ Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստին ներկա են եղել ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Տատյանա Կովալևան, ՌԴ կրթության և գիտության նախարարության երիտասարդության քաղաքականության մշակման վարչության պետ Դենիս Աշիրովը, Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության հարցերով նախարարի տեղակալ Շաբդանբաև Կատան Կենեշը, «Ռուսաստանի երիտասարդական և մանկական ասոցիացիաների ազգային խորհրդի» փոխնախագահ Գրիգորի Պետուշկովը, Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Ռազմանզադա Կուրբանալին, Ուզբեկստանի Երիտասարդության հարցերով գործակալության տնօրենի տեղակալ Ֆարուխ Ամանովը։

Բելառուսի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Կադլուբայ Ալեքսանդր Վլադիմիրին, Ղազախստանի ինֆորմացիայի և հանրային զարգացման նախարարի տեղակալ Ասկար Ումարովը ֆորումի աշխատանքին միացել են հեռավար։

Խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ավելի քան 6 տասնյակ պատվիրակ: Միջոցառմանը մասնակցել են նաև Կապանի քաղաքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի մասնակիցներ։

Մասնակից անդամները ևս ներկայացրել են իրենց երկրների երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Անդամ պետությունների պատվիրակները ֆորումի շրջանակում նաև ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են կատարվել ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի 2021-22 թվականների՝ նախապես հաստատված աշխատանքային պլանի իրագործման ուղղությամբ։ Պատվիրակները միաժամանակ անդրադարձել են մինչև 2030 թվականի ծրագրի հաստատմանը՝ շեշտելով մասնավորապես երիտասարդության կամավորական շարժման զարգացումը և ԱՊՀ անդամ պետություններում այդ նպատակին միտված իրավակարգավորումների մշակումը։

ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 12-ին։

Միջոցառման անցկացման վայրն ընտրել է հյուրընկալող երկիր Հայաստանը՝ հաշվի առնելով, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ՀՀ 2021 թվականի երիտասարդության մայրաքաղաքն է։