Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համագործակցելով Ucom և «Ռոստելեկոմ» բջջային կապի օպերատորների հետ, թողարկում են հեռավար կրթության հեռուստատեսային նոր հավելվածներ:

  • Այսուհետ ԿԳՄՍ նախարարության կողմից պատրաստված դասընթացների տեսանյութերը՝ դասակարգված ըստ դասարանի, ամսաթվի և առարկայի կտեղադրվեն Ucom-ի UTV տեսավարձույթի (VoD) հեռավար ուսուցման բաժնում: Ucom-ի UTV ծառայության բոլոր բաժանորդները, անկախ սակագնային պլանից, հնարավորություն կունենան դիտել տեսավարձույթ բաժնում տեղադրված հեռավար ուսուցման բաժնի տեսանյութերը` առանց հավելյալ վճարի:
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Ռոստելեկոմ» ՝ «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր կրթական հեռուստաալիք՝ Hybrid Edu(ch121), որը կհեռարձակվի ընկերության ՍՄԱՐԹ hեռուստատեսության միջոցով։
    Hybrid Edu հեռուստաալիքի ծրագիրը ներառում է հանրակրթական դպրոցների մի շարք առարկաների վերաբերյալ տեսանյութեր, որոնք հնարավոր է դիտել 7 օր catch-up-ի հնարավորությամբ։ Տեսանյութերը պարբերաբար համալրվում են և տեղադրվում յութուբյան հատուկ ալիքում armeduchannel։ Հեռուստաալիքի եթերում հեռարձակվող բոլոր ուսումնական տեսանյութերը հասանելի կլինեն նաև ՍՄԱՐԹ հեռուստատեսության Ֆիլմադարանի Սերիալներ բաժնի ուսուցողական հարթակում՝ ԿԳՄՍ առանձին ենթաբաժիններով: «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը նշել է, որ ընկերությունն իր տեխնոլոգիական պատրաստվածությամբ ամբողջովին պատրաստ է սպասարկել ցանկացած տեսակի էլեկտրոնային ծառայություն, որը կիրառվում է կրթության և այլ ոլորտներում։
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է նաև հեռավար ուուցման ռեսուրսների հարթակ՝ heravar.armedu.am, որտեղ հավաքված են հեռավար կրթության գործիքների հղումներ։ Յուրաքանչյուր օրվա դասացուցակ նախապես հրապարակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այն ևս հասանելի է վերոնշյալ հեռուստահավելվածներում:
  • ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է առաջատար ընկերությունների սոցիալական պատասխանատվությունն ու կոչ անում բոլորին տրամադրել հեռավար կրթության գործիքներ՝ տեսակապեր, սոցիալական մեդիաների հարթակներ, էլեկտրոնային փոստեր, հեռուստաեթեր և այլն՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար։