Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այսօր պաշտոնապես ներկայացրել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նոր անդամին՝ 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերի, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն Հաջիմուրադ Գացալովին: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը:

Նախարարի տեղակալը, շնորհավորելով հավաքականի համալրման կապակցությամբ, հույս է հայտնել, որ մարզիկը պատվով հանդես կգա Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո. «Ի դեմս Հաջիմուրադ Գացալովի՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեծ ձեռքբերում ունի: Ես հույս ունեմ, որ նա մեր երկրի համար մեդալներ կնվաճի: Բացի այդ, ըմբշամարտի երկու հավաքականներին բարի երթ եմ մաղթում դեպի Եվրոպայի առաջնություն. վստահ եմ՝ տղաները մեզ ուրախության պահեր են պարգևելու»,- ասել է Գ. Թամրազյանը:

Փորձառու ըմբիշը շնորհակալություն է հայտնել վստահության և իրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու համար և ընդգծել է՝ ամեն ինչ կանի, որպեսզի արդարացնի իր հետ կապված սպասելիքները. «Շատ ուրախ եմ հենց այս հավաքականին միանալու համար, մոտիվացված և լավ տրամադրված եմ: Գլխավոր նպատակը, իհարկե, Օլիմպիական խաղերն են: Կարծում եմ՝ բոլորս միասին լավ կպատրաստվենք և ամեն ինչ կանենք ամենաբարձր մակարդակով հանդես գալու համար: Կանեմ հնարավորը օլիմպիական մեդալ նվաճելու համար»,- ասել է Հ. Գացալովը:

Հաջիմուրադ Գացալովը Հայաստանը կներկայացնի 97 կգ քաշային կարգում: Փետրվարի 10-16-ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նա չի մասնակցի, առաջին պաշտոնական մրցաշարը կլինի մարտի 19-22-ին Բուդապեշտում։