Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվել են ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիա և երկու հետազոտական լսարաններ՝ համալրված համապատասխան գույքով և մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով, ինչպես նաև ստեղծվել է Innostud.am էլեկտրոնային կրթական հարթակը՝ մշակված ուսումնաօժանդակ նյութերով և վիրտուալ գրադարանով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակում:

«Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում՝ ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» ծրագրի իրականացման ընթացքում վերապատրաստվել են դասախոսներ, փոփոխվել են բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հետազոտական բաղադրիչները, վերանայվել մեթոդիկաների, մասնագիտական դասընթացների, տեղեկատվական տեխնոլոգիաների առարկաների նկարագրերը:

Մուլտիմեդիոն լաբորատորիայի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Այս եզակի լաբորատորիան հնարավորություն կտա համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների ուսանողներին ձեռք բերել մասնագիտացված գիտելիքներ, փորձառություն նախադպրոցական և տարրական մանկավարժության ոլորտում: Մենք համոզված ենք` կատարված աշխատանքի արդյունավետության հետագա ցուցանիշը կլինի բնագավառում մասնագիտական գիտելիքներով օժտված նոր կադրերի պատրաստումը: Այս ծրագիրը էլեկտրոնային բաղադրիչն օգտագործելու լայն հնարավորություններ է ընձեռում՝ ամուր կապ ստեղծելով համալսարանի և դպրոցների միջև››,- նշել է ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռ. Միրզախանյանը:

innostud.am կրթական հարթակում ներկայացված են տարբեր դասախոսների ստեղծած էլեկտրոնային ուսումնական նյութերը՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների և կրտսեր դպրոցականների համար: Նշվել է, որ նորաստեղծ լաբորատորիայի հնարավորություններն ուսումնական գործընթացում լավագույնս օգտագործելու նպատակով իրականացվել է նաև համապատասխան կրթական բովանդակության ստեղծում. բուհում առկա են լաբորատորիայի գործարկման ընթացակարգերը: Լաբորատորիայի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ նորարարական գործնական ու հետազոտական հմտություններով և կարողություններով, եվրոպական չափանիշներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստել նախադպրոցական և տարրական մանկավարժության ոլորտում: