Գրահրատարակչության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դերը ոլորտի համակարգումն ու կարգավորումն է։ Նախարարությունը ոլորտի քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս առաջնորդվում է այն համոզմամբ, որ ոլորտի յուրաքանչյուր օղակի զարգացումը հավասարապես կարևոր է՝ սկսած ստեղծագործականից, մինչև գրադարան և ընթերցող։ Այս սկզբունքով՝ սպառողական կամ քաղաքական նախընտրությունների շրջանակից դուրս մնացող գրականությունը և գրական նախագծերը, անկախ մշակութային գործիչները ևս տեղ են գտնում գրական դաշտում։
Գրահրատարակչության ոլորտի ծրագրերն իրականացնելու համար կարևորվում է նախարար- ությանը կից գործող խորհուրդների դերը, որոնք թույլ են տալիս ընդունել խորհրդակցական, մասնագիտական կարծիքի վրա հիմնված որոշումներ և խուսափել միանձնյա որոշումներից։ Խորհուրդները ձևավորելիս հաշվի է առնվում յուրաքանչյուր անդամի մասնագիտական պատրաստվածությունը, փոխկապակացվածությունը թե՛ հրատարակչությունների, թե՛ պետական կառույցների հետ՝ անաչառ և թափանցիկ մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Գրահրատարակչության ոլորտում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրերը միտված են հետևյալ խնդիրների լուծմանը՝ գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացում, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանում, զարգացում, տարածում ու հանարհռչակում, քաղաքացիական հասարակության ձևավորում, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծում, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծում:
Գրքերի ձեռքբերման ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ձեռք է բերում և գրադարաններին է բաշխում նոր լույս տեսած, արժեքավոր գրականություն, որի նպատակն է արդի և պահանջված գրականությամբ գրադարանների ընթերցողական պահանջը բավարարելը, և նույն ժամանակ՝ մասնագիտական, քննադատական և հոբելյանական գրականության հրատարակումը խրախուսելը։
Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագիրը ստեղծվել է մշակութաբանական հետազոտությունների, գրականության և գրաքննադատության նախագծերին աջակցելու համար: Այն լրացնում է անկախ մշակութային դաշտում պետական քաղաքականության բացը՝ տեղափոխելով շեշտադրումը գրքաստեղծման հրատարակչական-տպագրական փուլից ստեղծագործական փուլ։ Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը։
Դրամաշնորհային ծրագիրը կրելու է ամենամյա բնույթ և ամեն տարի ֆինանսավորվելու է գրական տարբեր ժանրերի նախագծեր:
«Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագիրը ստեղծվել է 2016 թվականին: Ծրագրով աջակցություն է տրվում արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունն աշխարհին ճանաչելի դարձնելն է: Դրամաշնորհային ծրագրի համար գործում է կայքէջ՝ «armlit.am»-ը, որտեղ այցելելով հրատարակչությունները կարող են ծանոթանալ ֆինանսավորում ստանալու համար հայտի ներկայացման կարգին և ժամանակացույցին:
Ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող մամուլ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ծրագրերի շրջանակում աջակցություն է ստանում ազգային փոքրամասնությունների լեզուներով հրատարակվող մամուլը:
Նախագիծն իրականացվում է «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով, որով նախատեսված հատկացումները հնարավորություն են տալիս նաև աջակցել ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող պարբերականների գործունեությանը: Այդ պարբերականները լուսաբանում են համայնքի մշակութային անցուդարձը, հասարակական կյանքը: Ծրագրի շնորհիվ այդ համայնքները կարողանում են պահպանել իրենց ազգային լեզուն, բանահյուսությունը, մշակույթը, ավանդույթները:
Դրամաշնորհ է հատկացվում հետևյալ համայնքների պարբերականներին.
- «Դնիպրո-Սլավուտիչ» (հայերեն, ուկրաիներեն) - «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ
- «Դավթի Վահան» (հայերեն, եբայերեն, ռուսերեն) - «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ
- «Բելառուս» (հայերեն, ռուսերեն, բելառուսերեն) - «Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ
- «Ասիրիսկիե նովոստի» (հայերեն, ռուսերեն, ասորերեն) - «Հայաստանի ասորական «Խայադթա» ֆեդերացիա» ՀԿ
- «Էզդիխանա» (հայերեն, եզդիերեն, ռուսերեն) - «Եզդիների ազգային միություն» ՀԿ
- «Զագրոս» (հայերեն, քրդերեն) - «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ
- «Իլիոս» (հայերեն, հունարեն, ռուսերեն) «Երևան քաղաքի «Իլիոս» հույների համայնք» ՀԿ
- «Ռյա-Թազա» (հայերեն, քրդերեն) «Ռյա-Թազա» թերթի խմբագրություն» ՍՊԸ
- «Լալըշ» (հայերեն, եզդիերն) - «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ
Միջազգային ցուցահանդեսներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը առանձին տաղավարով մասնակցում է գրքի միջազգային ցուցահանդեսներին այդ թվում` Մինսկի, Փարիզի, Ալմաթիի, Լոնդոնի, Թեհրանի, Սալոնիկի, Վարշավայի, Նյու Յորքի, Մոսկվայի, Գյոտեբորգի, Ֆրանկֆուրտի, Լոս Անջելեսի, Բոլոնյայի, Մոսկվայի, Լայպցիգի և այլն, նման փառատոններին մասնակցելը թույլ է տալիս ներկայացնել և հանրահռչակել տեղական գրական արտադրանքը, ինչպես նաև ստեղծել համագործակցան հնարավորություններ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերխնդիրներից է նաև հայաստանյան գրահրատարակչական շուկայում հավասար մրցակցության ապահովումը, ինչով և պայմանավորված է ոլորտի տարբեր շերտերի զարգացման միտումների խթանումը: Մեր ուշադրությունից չեն վրիպում հեղինակային և հարակից իրավունքի հարցերը, որոնք միտված են հեղինակ-հրատարակիչ-ընթերցող համագործակցությունը բացառապես օրինական դաշտ տեղափոխելուն:
Հրատարակիչների, գործակալների, գրողների հետ պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ, որոնք հնարավորություն են տալու միասնական ջանքերով քննարկել և առաջարկել լուծումներ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: