«Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի» իմաստով ՀՀ փոքրամասնությունների լեզուներ են ասորերենը, եզդիերենը, հունարենը, ռուսերենը և քրդերենը: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները հիմնականում բնակվում են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում:
Նախադպրոցական կրթություն
Ըստ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը (օրինական ներկայացուցիչը): Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 23-րդ կետը սահմանում է, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ։
Հայաստանի մի շարք գյուղական համայնքների դպրոցական շենքերում ստեղծվել են նախադպրոցական կրթության օջախներ, որոնցում օրվա առաջին կեսին գործում են դասարաններ ազգային փոքրամասնությունների 4-5 տարեկան երեխաների համար: Այդպիսի նախակրթարաններ գործում են Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք հանրակրթական դպրոցներում:
ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում դրամաշնորհի մասնակցության հայտ է ներկայացրել Արմավիրի մարզի Ֆերիկ (եզդիաբնակ) համայնքը: Արմավիրի մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններ են հաճախում 77 եզդի, 1 ռուս երեխաներ:
ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի «Ալյոնուշկա մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում գործում է ռուսերեն լեզվով ուսուցմամբ տարատարիք խումբ, որտեղ կրթություն են ստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ՝ ասորիներ։ 2019-2023 թվականների ընթացքում մանկապարտեզն ունեցել է ազգությամբ ասորի 23 սան։ Մանկապարտեզում ամեն տարի ասորերենով անկացվում են տարբեր միջոցառումներ, բաց դասեր՝ ազգությամբ ասորի դաստիարակի մասնակցությամբ։ ասորական Նոր տարվան (Հաբ Նիսան, որը 2008 թվականի ապրիլի մեկից հաստատվել է ՀՀ կառավարության կողմից) նվիրված միջոցառման անցկացումը դարձել է ավանդույթ, որին մասնակցում են նաև ծնողները՝ նպատակ ունենալով պահպանելու ազգային մշակույթն ու ավանդույթները։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրում կառուցվում է մսուր մանկապարտեզ՝ նախատեսված 144 սանի համար, որտեղ հաճախելու հնարավորություն կունենան համայնքի 11 բնակավայրերի նախադպրոցական տարիքի երեխաները։ Մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2025 թվականին։ Մարզի Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախադպրոցական ուսումնական հաստատություններ է հաճախում 28 եզդի երեխա։ Շամիրամի դպրոցահեն նախակրթարան են հաճախում ազգությամբ եզդի 3 տղա և 4 աղջիկ։
Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ են հաճախում 16 եզդի, 39 ռուս, 1 քուրդ սաներ: Ազգությամբ եզդի 2 աշխատակից ներգրավված են հաստատություններում՝ որպես դայակ: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ազգային փոքրամասնությունների համար առանձին խմբակներ չեն կազմակերպվում, իսկ լրացուցիչ կրթական ծրագրերի շրջանակում, ըստ ծնողների նախապատվության, ընդգրկվում են նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ սաները:
Հանրակրթություն
ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կազմակերպվում են իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:
2025 թ. մայիս ամսվա դրությամբ ՀՀ 552 դպրոցներում սովորում են ազգային փոքրամասնությունների 4751 սովորողներ.
ազգությամբ ռուս՝ 1339 (237 դպրոցում)
ասորի՝ 283 (42 դպրոցում)
եզդի՝ 2941 (339 դպրոցում)
հույն՝ 39 (33 դպրոցում)
քուրդ՝ 83 (22 դպրոցում)
ուկրաինացի՝ 61 (33 դպրոցում)
գերմանացի՝ 5 (5 դպրոցում)
Հանրակրթական դպրոցի ընդունելության կարգը
- ՀՀ-ում դպրոցի ընդունելության համակարգը ճկուն է և հնարավորություն է ընձեռում հանրակրթության որևէ մակարդակում ուսումն ընդհատած սովորողին կրկին վերադառնալ կրթական համակարգ և շարունակել իր ուսումը։ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու» կարգի 5-րդ կետի համաձայն՝ «Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդունումը հաստատություն կարող է կատարվել սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը): Եթե ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում լիցենզիայով տրված սահմանային տեղերը լրացած են, և տվյալ բնակավայրում բացակայում է այլ հաստատությունում ազգային (մայրենի) լեզվով ուսուցման հնարավորությունը, ապա սովորողի ընդունելությունը տվյալ հաստատություն իրականացվում է՝ անկախ լիցենզիայով տրված սահմանային տեղերի սահմանափակումից»:
Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ առնված լեզուները կրող ազգային փոքրամասնությունների համայնքներին տարրական կրթությունը հասանելի և մատչելի է էթնիկ լեզուներով: Բացի այդ՝ խառը բնակության վայրերում, որտեղ ազգային փոքրամասնությունների թիվը փոքր է, նախատեսված է նաև լեզվի ֆակուլտատիվ ուսուցման հնարավորություն: Խառը բնակության վայրերում, որտեղ ազգային փոքրամասնությունների թիվը փոքր է, նախատեսված է նաև լեզվի խմբակի ձևով ուսուցման հնարավորություն:
2024-2025 ուստարում ՀՀ մարզերի դպրոցներում ուսուցանվում են «Եզդիերեն», «Քրդերեն» և «Ասորերեն» առարկաները՝ ազգային փոքրամասնությունների աշակերտների համար:
«300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի» շրջանակում 2025 թվականի հուլիս ամսվա դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են 45 դպրոցում, որից շուրջ 20-ում սովորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
- ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվում է ազգային փոքրամասնությունների տարրական, միջին և ավագ դպրոցների դասարանների համար նախատեսված դասագրքերի հրատարակումը: Դասագրքերի և առարկայական ծրագրերի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան» ենթակայքում (http://lib.armedu.am):
Բացի այդ՝ խառը բնակության բնակավայրերում, որտեղ ազգային փոքրամասնությունների թիվը փոքր է, նախատեսված է նաև լեզվի ֆակուլտատիվ ուսուցման հնարավորություն: 12-ամյա միջնակարգ կրթության պարտադիր լինելու պահանջը տարածվում է նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա: ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը պարբերաբար կազմակերպում են խորհրդակցություններ` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթություն ստանալու հարցում իրենց իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով՝ միաժամանակ փորձելով ի հայտ բերել մանկավարժության և մշակույթի ոլորտում սովորել ցանկացող երիտասարդների: ՀՀ մարզերում հասարակական կազմակերպությունների կողմից պարբերաբար կազմակերպվում են ազգությամբ եզդի աշակերտների (մասնավորապես՝ եզդի աղջիկների)՝ հանրակրթությունից դուրս մնալու խնդիրների վերաբերյալ սեմինարներ և քննարկումներ:
- 2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք են բերվել և բաշխվել են հետևյալ դասագրքերը՝ «Եզդիերեն այբբենարան»՝ 720, «Եզդի գրականություն» (5-րդ դասարան՝ 644), «Եզդի գրականություն» (8-րդ դասարան՝ 635), «Եզդի գրականություն» (9-րդ դասարան՝ 638), «Եզդիերեն» (3-5-րդ դասարան՝ 1614), «Եզդիերեն» (6-8-րդ դասարան՝ 1625):
- 2021 թվականին ձեռք են բերվել հետևյալ դասագրքերը՝ «Եզդիերեն այբբենարան»՝ 257, «Եզդի գրականություն» (6-րդ դասարան՝ 248), «Եզդի գրականություն» (7-րդ դասարան՝ 240), «Եզդի գրականություն» (10-րդ դասարան՝ 138), «Եզդի գրականություն» (11-րդ դասարան՝ 128), «Եզդիերեն» (9-10-րդ դասարան՝ 169):
- 2022 թվականին ձեռք են բերվել հետևյալ դասագրքերը՝ «Եզդիերեն այբբենարան»՝ 400, «Եզդիերեն» (2-րդ դասարան՝ 400), «Եզդիերեն» (3-րդ դասարան՝ 400), «Եզդիերեն» (4-րդ դասարան՝ 400), «Եզդի գրականություն» (12-րդ դասարան՝400), «Եզդիերեն» (11-12-րդ դասարան՝ 400), «Քրդերեն այբբենարան»՝ 50, «Քրդերեն» (4-րդ դասարան՝ 50), «Քրդերեն» (5-րդ դասարան՝ 50), «Քրդերեն» (6-րդ դասարան՝ 50), «Խոսիր ասորերեն» (1-ին դասարան՝ 60), «Գրիր և խոսիր ասորերեն» (1-ին դասարան՝ 60), Գրիր և խոսիր ասորերեն» (2-րդ դասարան՝ 60), «Ալլափ-բիթ» (1-րդ դասարան՝ 60)
- 2023 թվականին ազգային փոքրամասնությունների աշակերտների համար տպագրվել է ընդհանուր 941 դասագիրք, որից՝ 1-ին դասարանի համար 2 տարբեր հեղինակների «Եզդիերեն այբուբեն»՝ 198 և «Քրդերեն այբուբեն» 26 հատ, 2-րդ դասարանի համար՝ «Քրդերեն» 25 հատ, 3-րդ դասարանի համար՝ «Քրդերենի» 30 և «Եզդիերենի» 315 դասագիրք՝ նախատեսված 3-5–րդ դասարանի աշակերտների համար, 5-րդ դասարանի համար «Եզդի գրականություն»՝ 84, «Եզդիերեն» 6-8–րդ դասարանների համար՝ 132, 7-րդ և 8-րդ դասարանների համար «Քրդերեն»՝ համապատասխանաբար՝ 22 և 17 դասագիրք, «Եզդի գրականություն» 8-րդ և 9-րդ դասարանների համար՝ 37–ական և «Քրդերեն» 9-րդ դասարանի համար՝ 18 դասագիրք։
- 2024 թվականին ազգային փոքրամասնությունների աշակերտների համար տպագրվել է ընդհանուր 144 դասագիրք՝ «Եզդիերեն այբուբեն»՝ 113 և «Քրդերեն այբուբեն» 31 հատ:
- 2025-2026 ուստարվա համար հրատարակվում են «Եզդիերեն այբբենարան», «Քրդերեն այբբբենարան» և «Ասորերեն» առարկայի 3 անուն (1-ին դասարան. «Խոսիր ասորերեն»՝ 80 օրինակ, 2-րդ դասարան. «Գրիր և խոսիր ասորերեն»՝ 115 օրինակ, 3-4-րդ դասարաններ. «Ալյափ բիթ» այբբենարան 145 օրինակ) դասագիրք: Դասագրքերի տպաքանակը ձևավորվել է ԿՏԱԿ-ի ԴԿՏ համակարգում հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից մուտքագրված հայտերի հիման վրա:
Ամառային ճամբարներ
- ԿԳՄՍ նախարարությունը յուրաքանչյուր տարի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում կազմակերպում և անցկացնում է դպրոցականների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ամառային ճամբարներում տեղավորում: Երեխաների հավաքագրումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
2025 թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում կազմակերպվող ամառային ճամբարներին մասնակցելու է ՀՀ տարբեր համայնքներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ շուրջ 100 դպրոցական:
Վերապատրաստում, ատեստավորում
Հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների սակավաթիվ լինելը, ինչպես նաև դասաժամերի քանակը՝ ԿԳՄՍ նախարարությունը քննարկել է նոր մեխանիզմներ՝ ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման» կարգի դրույթների համաձայն՝ 2022 թվականի ատեստավորման գործընթացն իրականացնել նաև 5-12-րդ դասարաններում «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաները դասավանդող ուսուցիչների համար՝ արդյունքում նպատակ ունենալով ուսուցչի դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարի տրամադրումը:
ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման» կարգի համաձայն՝ հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումն իրականացնում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունը, որը պետք է նաև ունենա վերապատրաստող համապատասխան մասնագետներ: Վերոնշյալ կարգի 13-րդ կետի համաձայն՝ ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով նախարարությունը տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարում է մրցույթ։ Հետևաբար, ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով նախարարությունն առաջարկել է դիմել վերապատրաստող երաշխավորված կազմակերպություններին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով որևէ սահմանափակում չկա հերթական ատեստավորման ենթակա՝ ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումների համար:
- 2024 թվականի ընթացքում ազգային փոքրամասնության լեզուներ դասավանդող ուսուցիչներից վերապատրաստվել է 3-ը: 2024 թվականի ընթացքում ազգային փոքրամասնության լեզուներ դասավանդող 11 ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար, մասնակցել է 7-ը, 6 ուսուցիչ հաղթահարել է անցողիկ շեմը ու ստանում է համապատասխան տոկոսով հավելավճար, իսկ 1-ը չի հաղթահարել անցողիկ շեմը:
- 2024 թ. ԿԳՄՍ նախարարության հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից իրականացվել է «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով 499 վերապատրաստման դասընթաց՝ ուսումնական հաստատությունների 10.455 մանկավարժների, ծնողների և համայնքային սոցիալական աշխատողների շրջանում։ Դասընթացների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վաղ ամուսնությունների և դրանց բացասական հետևանքների վերաբերյալ թեմաներին։ Վերապատրաստման դասընթացները կրում են շարունակական բնույթ։
Օրենսդրական կարգավորումներ
- ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, ի թիվս այլ հատկանիշների` սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման և այլն, առանձին նշում է նաև լեզվի և ազգային փոքրամասնությանը պատկանելության հանգամանքով պայմանավորված խտրականության արգելման մասին: Սահմանադրության 56-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկական ինքնությունը պահպանելու իրավունք: Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք»:
- «Lեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանվում է, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրակրթական ուսուցումը և դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
- 2021 թ. փետրվարի 11-ին հաստատվել է «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը՝ երեխաների, այդ թվում՝ աղջիկ երեխաների՝ կրթությունից դուրս մնալու հավանականությունը բացառելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ազգային փոքրամասնությունների ծնողների կողմից դիտվում է երեխաներին, այդ թվում՝ աղջիկ երեխաներին արտերկիր մեկնելու պատրվակով ուսումնական հաստատություններից հանելու թվի աճ՝ ազգային փոքրամասնությունների երեխաների կրթությունից դուրս մնալու հավանականությունը բացառելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը փոփոխություններ է իրականացնում ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1640-ն հրամանում. «Կետ գ) 2-րդ կուրսի երկրորդ կիսամյակից՝ 11-րդ դասարան, 3-րդ և 4-րդ կուրսերից` 12-րդ դասարան՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու, կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն չունեցող բնակավայր տեղափոխման, կամ այլ հիմնավոր պատճառների դեպքում: Նշված դեպքերում տեղափոխությունն իրականացվում է Նախարարություն հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու և դրական դիրքորոշում ստանալուց հետո»:
- Համաձայն ՀՀ կառավարության «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» 2023 թ. 216-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուների խմբակավարի պաշտոնը կարող է զբաղեցնել առնվազն միջին մասնագիտական կրթություն ունեցող և տվյալ լեզվին տիրապետող անձը, այդ թվում՝ կանայք, մինչդեռ այդ պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն:
- Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցիչներն առանձին հավելավճար չեն ստանում, աշխատավարձը ստանում են ընդհանուր հիմունքներով: Միաժամանակ 2021 թվականից գործում է ՀՀ ԿԳՄՍՆ հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ, որով ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ. *մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսեր, *գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը՝ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ, *տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ *բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, *կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ, *աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով: Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։
- Հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի, ինչպես նաև մանկավարժական այլ աշխատողների պաշտոնների նկարագրերում սահմանված են գործառույթներ՝ ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումների կազմակերպման, հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը նպաստելու վերաբերյալ:
- ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ․մայիսի 3-ի N 388-Ն հրամանով 9-րդ դասարանում ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները ավարտական քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները պետական ավարտական քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ․դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանով՝ 9-րդ դասարանում ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները ավարտական քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր), 12-րդ դասարանում հունվար կամ հունիս ամիսներին ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները պետական ավարտական քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվող «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (բանավոր, ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) առարկաների քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ հաստատության առարկայական մեթոդական միավորումները` նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:
Միջոցառումներ
- Ազգային փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության և հարգալից վերաբերմունքի ձևավորման նպատակով դպրոցներին է փոխանցվել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) կողմից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակված «Մշակութային բազմազանություն» ծրագիրը՝ (https://kznakhimnadram.blogspot.com/2024/10/blog-post_70.html) և ծրագրի շրջանակում մշակված համադպրոցական միջոցառումների իրականացման 5 ծրագրերը։ Ծրագրում ներառված թեմաները նախատեսված են դասղեկի ժամերին դասընթացներ կազմակերպելու համար։
- Այլազգիների նկատմամբ հանդուրժողականության և հարգալից վերաբերմունքի ձևավորման նպատակով «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների համար մշակվել է «Մշակութային բազմազանություն» ծրագիրը (https://kznakhimnadram.blogspot.com/2024/10/blog-post_70.html): Ծրագրի նպատակը մշակութային բազմազանության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի ձևավորումն է՝ կրթական գործընթացին ազգային փոքրամասնությունների մասնակցության ապահովմամբ։ Ծրագրի խնդիրներն են՝ տարբեր ձևաչափերով միջոցառումների պլանավորումը, իրականացումը և ամփոփումը՝ ազգային փոքրամասնությունների ներգրավմամբ։ Ծրագրի շրջանակում 2024 թ. առցանց ձևաչափով իրականացվել են խորհրդատվություններ։ Շուրջ 170 դպրոցներ արդեն իրականացրել են միջոցառումներ, որոնց մեծ մասը լուսաբանել են միջոցառումները դպրոցների ֆեյսբուքյան էջերում։ Ծրագրի շրջանակում նաև իրականացվել է ակտիվ համագործակցություն դպրոցների միջև՝ հանդիպում-այցերի ձևաչափով։ Ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության պատվերով մշակվել է նաև տեսաֆիլմի բովանդակությունը։
- 2025 թ. փետրվարի 21-ին մշակութային կրթության ուսումնական տարվա շրջանակում ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթին ու լեզվին նվիրված էքսպո, որի ընթացքում ցուցադրվել են դպրոցականների նախագծային աշխատանքները: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը, «Հանրային ռադիոյի» խմբագիր, թարգմանիչ Հասան Թամոյանը։ ԿԳՄՍ նախարարության կողմից նախապես բոլոր դպրոցներին ուղարկվել է շրջաբերական գրություն, որպեսզի երկրորդ կիսամյակի նախագծային աշխատանքների շրջանակում սովորողներն իրականացնեն ազգային փոքրամասնությունների լեզուն և մշակույթն ուսումնասիրող նախագծային աշխատանքներ: Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում ՀՀ յուրաքանչյուր մարզից և մայրաքաղաքից հաղթող է ճանաչվել 2-ական դպրոց։ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում կազմակերպված եզրափակիչ միջոցառմանը վերջինները ներկայացրել են իրենց նախագծերն առանձին տաղավարով։ Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ աշակերտներն ընդգծել են, որ ուսումնասիրության ընթացքում հանդիպել են ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքների հետ, ծանոթացել նրանց ավանդույթներին, խոհանոցին, պատմությանը և նախագծերն իրականացրել նաև նրանց օգնությամբ: Երեխաներին հատկապես տպավորել են ազգային փոքրամասնությունների ծեսերը, կրոնական առանձնահատկությունները: Այն աշակերտները, որոնք նախագծերի շրջանակում չեն հանդիպել ազգային փոքրամասնությունների հետ, վստահեցրել են, որ մեծ է ցանկությունը հանդիպելու, ծանոթանալու և շփվելու իրենց հասակակից այլազգիների հետ՝ https://escs.am/am/news/27530
- «Արմավիրի զարգացման կենտրոն» և «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ները հանրապետության տարբեր մարզերում իրականացրել են բնակչության իրազեկության բարձրացման և ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրեր, որոնց նպատակն էր նպաստել եզդի կանանց և աղջիկների կրթության իրավունքի իրականացմանը, ուժեղացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: