
Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը:
ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը:
-
Ներառական կրթությունը՝ յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է:
-
Կկիրառվի երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքի կիրարկման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում՝ հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից:
-
Մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, Երևան քաղաքում՝ առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի։
Եթե տվյալ մարզում առկա չէ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, ապա մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կարող է վերակազմակերպվել կամ պատվիրակվել այնպիսի կազմակերպության, որում առկա են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններ:
Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում կներդրվեն ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվելու է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից` համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգի (ՀՀ կառավարության 16 փետրվարի 2017 թվականի «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2011 թվականի հունվարի 27-ի N 46-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշում):
Մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի (ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի արձանագրային որոշում՝ «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին եվ ժամանակացույցին հավանություն տալու մասին»):
2015թ. փետրվարի 17-ի ՀՀ վարչապետի N108-Ա որոշմամբ հաստատվել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխությունններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-200-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»:
Նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում:
Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլան և ժամանակացույց
Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ
Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձև
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիա
ՀՀ-ում ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ցանկ