Կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝

  • կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացումը,
  • ազգային ֆիլմերի ստեղծումը, տարածումն ու պահպանումը,
  • կրթական, գիտական և տեղեկատվական համակարգերի զարգացումը,
  • համատեղ արտադրության խթանումը,
  • կինոժառանգության և կինոտարեգրության պահպանումը,
  • օտարերկրյա ներդրումների ներգրավումը:

Ոլորտում իրականացվող գործընթացները միտված են խաղար­կային, վավերագրական և անիմացիոն կինոնկարների արտադրության աջակցմանը, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանմանը, կինոարվեստի հանրա­հռչակմանը, տարածմանը, մատչելիության ապահովմանը, հայկական կինոյի ավան­դույթների շարունակականության ապահովմանը, միջազգային համագործակ­ցության ընդլայնմանն ու միջազգային դիրքավորմանը:

Հայաստանում համատեղ ֆիլմարտադրությունն իրականացվում է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի շրջանակում:

Միջազգային համագործակցության խթանման նպատակով 2023 թ. ՀՀ կառավարությունն ընդլայնել է կինոարտադրության համար նախատեսված բյուջետային հատկացումների չափաբաժինը:

Կինոոլորտի մասնագիտական կառույցների հետ մշակվում են երիտասարդ ստեղծագործական ներուժի հայտնաբերման և խրախուսման, կինոարվեստի բնագավառում պետական աջակցության դրամաշնորհային ծրագրեր։

Մշակույթի ապակենտրոնացման նպատակով իրականացվում են մարզային կինոցուցադրություններ, որի արդյունքում հանրապետության տարբեր բնակավայրերում հանրությունը հաղորդակից է դառնում հայկական կինոարվեստին։

Ոլորտում ավանդաբար իրականացվում են նաև կինոարվեսի միջոցառումներ և ծրագրեր, մասնավորապես՝ միջազգային կինոփառատոներ, գիտաժողովներ, սեմինարներ, կարողությունների զարգացման կրթական նախաձեռնություններ՝ գործող կազմակերպությունների և անհատ ստեղծագործողների կողմից:

2012 թվականից Հայաստանի ազգային կինոկենտրոնն անդամակ­ցում է Եվրո­պական տեսաձայնային դիտարանին (European Audiovisual Observatory)՝ ապահովելով մասնակցությունն օբսերվատորիայի աշխատանքներին և տեսաձայնային արվեստի մասնագիտաց­ված խնդիրնե­րի վերաբերյալ համաժողովներին:

2012 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC) միջև կնքվել է համագործակցության պայմանագիր (cooperation agreement):

2016 թվականից Հայաստանն անդամակցում է «Եվրիմաժ» համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության հիմնադրամին: Յոթ տարվա անդամակցության ընթացքում Հայաստանը գրեթե յուրաքանչյուր տարի կարողացել է ներկայացնել համատեղ արտադրվող միջազգայնորեն մրցունակ կինոնախագծեր, որոնք ստացել են դրամաշնորհ եվրոպական հիմնադրամից:

2017 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Իրանի Ֆարաբի կինոհիմնադրամի միջև ստորագրվել է ֆիլմարտադրության ոլորտում համագործակցության համաձայնագիր:

2018 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի վերանայված Կոնվենցիան:

2019 թվականից «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ում գործում է «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» նոր կանոնակարգ, որի դրույթները համապատասխանեցված են միջազգային չափանիշներին և կարգավորում են կինոարտադրող-պետություն արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև նպաստում են միջազգային համագործակցությանը:

2021 թվականին ընդունվել է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է կինոարվեստի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն ու հիմնական ուղղությունները, միջազգային համագործակցությունը, ինչպես նաև կինոարվեստին պետական աջակցություն ցուցաբերելու կարգը և պայմանները:

2022 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության (Indian Economic Trade Organization) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր (Memorandum of Understanding/MOU)՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։

2022 թվականից Հայաստանը հանդիսանում է Կինոարխիվների միջազգային ֆեդերացիայի (FIAF) ասոցացված անդամ: