Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցում բացվել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով:

Բացման ելույթներին հաջորդել են պանելային քննարկում և հրավիրյալ բանախոսների 4 զեկուցումներ՝ նվիրված անկախության տարիների ձեռքբերումներին և խնդիրներին։ Բացման միջոցառումների շարքում Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո բացվել է «Պետականություն․ իրողություններ և խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդեսը՝ տասը մեծադիր պաստառների և կրկնօրինակ ցուցանմուշների տեսքով։ Ցուցադրված են այն կարևոր պատմական դրվագները և թանգարանում պահվող ցուցանմուշների պատկերներն ու կրկնօրինակները, որոնք վերաբերում են հայոց պետականությանը։

Եռօրյա գիտաժողովը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը, որի ընթացքում 80 հետազոտողներ կներկայացնեն հնագիտության, ազգագրության, նոր և նորագույն շրջանի պատմության, մշակութաբանության, թանգարանագիտության բնագավառներին վերաբերող զեկուցումներ։

Դրանք հոդվածների տեսքով կտպագրվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 8-րդ համարում։