Իսպանիայի Սիտջես քաղաքում ընթանում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը: Արդեն կայացել են խմբային փուլի առաջին և երկրորդ խաղափուլերը։
Հայաստանի կանանց հավաքականն առաջին խաղափուլում 2,5-1,5 հաշվով հաղթել է Ֆրանսիայի ընտրանուն. թիմի կազմում հաղթանակներ են գրանցել Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը խաղացել է ոչ-ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է մրցակցին: Երկրորդ խաղափուլում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի արդյունք է գրանցել Ադրբեջանի թիմի դեմ՝ 2-2. Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթել են, իսկ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը՝ պարտվել։
Երկու խաղափուլերից հետո մեր խմբում աղյուսակը 4 թիմային միավորով գլխավորում է Ռուսաստանի հավաքականը։ Հայաստանի ընտրանին 3 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։ Այսօր կկայանան 3-րդ և 4-րդ խաղափուլերը։ 3-րդ խաղափուլում մեր մրցակիցն է լինելու Հնդկաստանը, իսկ 4-րդում՝ Իսպանիան։
Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականի կազմում ընդգրկված են Եվրոպայի կանանց գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը։