Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկային թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը կարող եք լրացնել հետևյալ հղմամբ։

Մրցույթին կարող են ներկայացվել 2021 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող եթեր հեռարձակված/տպագրված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.

  1. Հեռուստա/ռադիո արտադրանք,
  2. Տպագիր և էլեկտրոնային նյութեր:

Հայտերի լրացման վերջնաժամկետն է 2021 թվականի նոյեմբերի 15 ներառյալ:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից մշակված չափորոշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբունքներով:

Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե առկա չէ գնահատման չափանիշներին համապատասխան նյութ։

Յուրաքանչյուր անվանակարգում I, II և III տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մրցանակներով և դրամական խրախուսումներով, համապատասխանաբար՝ I տեղի համար 300000 (երեք հարյուր հազար), II տեղի համար 250000 (երկու հարյուր հիսուն հազար), III տեղի համար 205800 (երկու հարյուր հինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):

Մանրամասների համար կարող եք գրել hhumantrafficking2021@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Հայտի ամբողջական հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfGdwhxVHJ8floaL5nb1hRwLZH33osvug-WRb2VNvJ47nWlPw/viewform

Ծանոթություն։ Մրցանակաբաշխության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար միջոցառման մասնակիցները կապահովվեն անհրաժեշտ միջոցներով (բժշկական դիմակ, հականեխիչ (անտիսեպտիկ) հեղուկներ ձեռքերի ախտահանման համար):