Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի մշակման աշխատանքային խմբում գործուն ներդրում ունենալու համար խմբի աշխատակիցները խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով:

Աշխատանքային խմբին ընդունել և շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը շնորհակալագրերի հանձնումը որակել է որպես կատարված աշխատանքի գնահատանքի վկայություն և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի տարբեր ձևաչափերով և տարբեր ծրագրերի շրջանակներում:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և մեծ տեղ է զբաղեցնում այդ ոլորտի առաջիկա բաեփոխումներին նվիրված հատվածը: Այն ներառում է թե՛ ենթակառուցվածքների զարգացումը, թե՛ շուրջ 500 մանկապարտեզներում անհրաժեշտ հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքները:

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը՝ որպես փաստաթուղթ, մշակվել է առանց ֆիզիկական տարածության մեջ փաստացի հանդիպելու հնարավորությունների: Եվ ըստ փոխնախարարի՝ երբ փաստաթուղթը գործադրվի, լրացուցիչ փոփոխությունների, բարելավելու կարիք կլինի, և դա շարունակական աշխատանք է:

«Չնայած իրավիճակին և բարդություններին՝ երկխոսությունը ստացվեց, քանի որ կար փոխըմբռնում և գործն անելու կարևորության գիտակցում: Ձեր աշխատանքի և ջանքերի շնորհիվ դրվել են լավագույն հիմքերը»,- նշել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարության անունից համատեղ աշխատանքը բարձր է գնահատվում:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնն առաջիկայում սկսելու է նախադպրոցական կրթության ծրագրերի վերանայման աշխատանքները, և բոլոր դիտարկումները կարտացոլվեն դրանցում: Նա հույս է հայտնել, որ աշխատանքային խմբի անդամներն իրենց փորձառությունն ու գիտելիքը կծառայեցնեն՝ մասնակից դառնալով վերոնշյալ աշխատանքներին. «Հույս ունեմ՝ այս բոլոր փուլերում կկարողանանք համախմբել մեր ներուժը, որպեսզի մեր երեխաների համար ապահովենք որակյալ կրթություն»:

ԿԶՆԱԿ-ի կողմից նախատեսվում են նաև առաջիկա տարիներին նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների վերապատրաստումներ, ինչպես նաև ատեստավորման ընթացակարգերի ներդրում, մասնագիտական շարունակական զարգացման, վարձատրության բարձրացման մեխանիզմների մշակում: Վերապատրաստումները կիրականացվեն նույն տրամաբանությամբ, ինչ դպրոցներում:

Աշխատանքային խմբի անդամները ևս շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ իրականացված աշխատանքով նոր թափ կտրվի նախադպրոցական կրթության զարգացման բոլոր ուղղություններին: