ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:

Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե մինոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Ադաջիո սի մինոր, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 31, Ֆրեդերիկ Շոպեն՝ 7 մազուրկա և Անդանտե սպիանատո և մեծ փայլուն պոլոնեզ, մի բեմոլ մաժոր։

Այս ծրագրով դաշնակահարը ելույթ է ունենալու իր 2021-2022 թթ մենահամերգներին։

Հիշեցնենք, որ Եվգենի Կիսինը վերջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել նույն փառատոնի շրջանակում՝ 2017 թվականին:

Նշենք, որ այս տարի փառատոնի շրջանակում սպասվում է գերմանացի աշխարհահռչակ ջութակահարուհի Աննե-Սոֆի Մուտտերի այցը Հայաստան, իսկ արդեն 2022 թվականի մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի հոբելյանական՝ 70-րդ գագաթաժողովը, որի շրջանակում Հայաստան կժամանեն բազմաթիվ հյուրեր, ելույթ կունենան մեծանուն երաժիշտներ։