ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 24-ին կայացած նիստում որոշում է կայացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից կատարել վերաբաշխում՝ շուրջ 15,6 մլն դրամի չափով։

Վերաբաշխված գումարը նախատեսվում է ուղղել կապիտալ ծախսերի, մասնավորապես՝ Եղվարդի N 1 ավագ դպրոցի սանհանգույցների ոչ բարվոք վիճակի և դասասենյակների մանրահատակի վերանորոգմանը և Երևանի Ա. Երզնկյանի N 118 ավագ դպրոցի ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը:

Համաձայն հիմնավորման՝ Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում վերանորոգման մի շարք աշխատանքների կատարման հրատապություն և անհրաժեշտություն կան: Առկա է դասասենյակների խիստ պակաս, մի շարք դասասենյակներ չունեն համապատասխան մանրահատակ և կահավորում: Դպրոցում առկա սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում և բացարձակապես հարմարեցված չեն դպրոցում կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների պահանջներին։

Երևանի Ա. Երզնկյանի թիվ 118 ավագ դպրոցի սովորողների թվի ավելացման հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցի երկրորդ մասնաշենքում, որտեղ առկա է գրատախտակների, աթոռների և շերտավարագույրների ձեռքբերման անհրաժեշտություն: