«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա «Լյուբով Պոպովա․ ավանգարդիստը Նովինսկի ծառուղուց» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։

Ցուցահանդեսում ներկայացված են ռուս հայտնի հեղինակի երկու անհայտ աշխատանքներ՝ Վարդան Ասծատրյանի հավաքածուից։ Վ. Ասծատրյանը հավաքորդ է, տնտեսագետ, միջազգային իրավունքի մասնագետ, գործարար, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը (2011 թ.)։

Պոպովայի ստեղծագործությունները ստացել են «Տարածական-ուժային կառուցվածքներ» անվանումը: Դրանց կոմպոզիցիայի հիմքում հորիզոնական և ուղղահայաց կամ թեք գծերն են, որ, կարծեք, կախված են վերացական տարածության մեջ:

Առավել ուշագրավ են Լ․ Պոպովայի կուբիստական ստեղծագործությունները, որոնք մարդկային կերպարներով կազմված կոմպոզիցիաներ են:

Նշենք, որ պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուի հիման վրա ձևավորված Ռուսական արվեստի թանգարանի առաքելություններից մեկն էլ ժամանակակից հավաքորդների հավաքածուներում պահվող ստեղծագործությունները լայն հանրությանը ներկայացնելն է։