«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակի, ինչպես նաև Գյումրի քաղաքի օրվա շրջանակում սեպտեմբերի 18-ին մեկնարկել է «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնությունը, և տեղի է ունեցել Գյումրիում վերակառուցված «Թումո» կենտրոնի պաշտոնական բացումը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր
Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, աշխատարաններին ու մշակութային միջոցառումների համար նախատեսված սրահներին՝ հատկապես շեշտադրելով արվեստի, կինոյի և թատրոնի դերը գյումրեցի պատանիների համար: Մարի Լու Փափազյանը հավաստիացրել է, որ ըստ վիճակագրության՝ Գյումրու աշակերտները ամենաաշխատասեր, պարտաճանաչ երեխաներն են և երբեք չեն բացակայում:
Հյուրերին ներկայացվել է նաև «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնությունը, որի նպատակն է «Թումոյի» առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 «Թումո» կենտրոն, իսկ փոքր համայնքներում՝ 110 «Թումո» տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու: Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքն արդեն իսկ նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում «Թումո» կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս «Թումո» կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ու Էլի և Էլզբիեթա Աքիլյանները անհատապես երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։
«Թումո» կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համար` ինքնուսուցում, դասընթացներ, ինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ: «Թումո» տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ են, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: «Թումո» տուփերն ու «Թումո» կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա «Թումո» կենտրոններ: