ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։
Մրցաշարը մեկնարկել է Շորժա համայնքից և անցկացվել մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (40 կմ), և չորս տարիքային խմբով`

• 18-35 տարեկան կանայք,
• 36 և բարձր տարիքի կանայք,
• 18-40 տարեկան տղամարդիկ,
• 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Հեծանվավազքի արդյունքներն ամփոփվել են մրցման ավարտից հետո՝ ժամը 18։00-ին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ:

Բացելով հանդիսավոր միջոցառումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը փաստել է, որ այդ մրցաշարն աննախադեպ է Հայաստանի մասսայական սպորտի զարգացման տեսանկյունից: Մրցաշարին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի շուրջ 350 քաղաքացիներ։ Մրցանակային հիմնադրամը կազմել է 15 մլն դրամ: Սահմանվել է 20 մրցանակային տեղ (տեղերն զբաղեցրած մասնակիցների ցանկերը կցվում են):

Այնուհետև Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել և շնորհակալական գավաթներ է հանձնել հեծանվավազքի մրցաշարին աջակցած միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, «RLRE»-ի ղեկավար Բենիամին Վարդանյանին: ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան

Նիկոլաս Յակոբ Սխերմերսն էլ, ով մասնակցել է հեծանվավազքին, ստացել է մասնակցության հավաստագիր։

Մրցանակային տեղեր գրաված հեծանվորդների պարգևատրումն իրականացրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը ողջունել և շնորհակալություն է հայտնել մասնակիցներին նախաձեռնությանն արձագանքելու համար:
Վարչապետն ընդգծել է մրցաշարի կարևորությունը ոչ միայն մարզական, առողջ ապրելակերպը հանրահռչակելու, սեփական ուժերը փորձելու հնարավորությունների առումով, այլև որպես հարգանքի տուրք նահատակների հիշատակին. «Սա հարգանքի տուրք է մեր նահատակներին, որովհետև մենք ապրում ենք նրանց շնորհիվ: Եվ նրանց հիշատակի նկատմամբ ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող, խաղաղություն ապահոված Հայաստանի Հանրապետությունը: Պարտությունները պետք է վերափոխել հաղթանակների՝ ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգելով, քայլ-քայլ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելով»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը մրցաշարը համարել է հաջողված և կարևորել է մասնակիցների՝ առանց վնասվածքների հեծանվավազքը սկզբից մինչև վերջ: «Գերագույն խնդիրը, նպատակը, որ դրվել էր հեծանվային այս մրցաշարը կազմակերպելիս, մասսայական սպորտի զարգացումն է, ինչը միտված է, իհարկե, առողջ ապրելակերպի խրախուսմանը և միասնականության գաղափարին։ Կարծում եմ, որպես առաջին փորձ, շատ հաջողված է»,- ասել է նախարարը։

Նշենք նաև, որ 1-ն տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղեր զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։ Տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, մեդալներով։ Բացի դրանից՝ բոլոր մասնակիցները ստացել են մարզաշապիկներ և հավաստագրեր:

Մրցաշարի հաղթողներն են՝

18-35 տարեկան կանանց խումբ՝
1-ին տեղ - Անի Ավագյան
2-րդ տեղ - Նարե Ղարիբյան
3-րդ տեղ - Լիլիթ Հարությունյան

36 տարեկանից բարձր կանանց խումբ՝
1-ին տեղ - Սաթենիկ Մնացականյան
2-րդ տեղ - Ռուզաննա Հովասափյան
3-րդ տեղ - Արփինե Նավասարդյան

18-40 տարեկան տղամարդկանց խումբ՝
1-ին տեղ - Արա Սարգսյան
2-րդ տեղ - Սերգեյ Պողոսյան
3-րդ տեղ - Անանիա Ոսկանյան

41 տարեկանից բարձր տղամարդկանց խումբ՝
1-ին տեղ - Կարեն Բարսեղյան
2-րդ տեղ - Արտյոմ Գալստյան
3-րդ տեղ - Մարկ Մարտիրոսյան