ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնի շրջանակում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի անցկացմանն աջակցում է «Русский мир» հիմնադրամը:

«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի նվիրվում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 90-ամյակին: Տասը օր Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր քաղաքներում հանդես կգան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Սոս Սարգսյանի անվան «Համազգային», Ստանիսլավսկու անվան ռուսական, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միմոս», Ստեփանակերտի, Վանաձորի Ալավերդու և այլ թատրոններ: Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ, կներկայացվեն դրամատիկ, կատակերգական, մանկական և տիկնիկային ներկայացումներ:

Փառատոնին կմասնակցեն նաև ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական, Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնները, ինչպես նաև՝ թատրոններ Թբիլիսիից և Եգիպտոսից: Թատերատոնին մասնակցի 14 թատերախումբ, որոնք կներկայացնեն 16 պիեսների իրենց բեմադրությունները, ընդհանուր առմամբ հանդես կգան 28 ներկայացումով: Փառատոնի շրջանակում Ալավերդիում կնշվի նաև տեղի թատրոնի հիմնադրման 100-ամյակը:

Նշենք, որ «Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել է 1979 թվականին Լոռու մարզի Ակներ գյուղում: 1985 թվականից անցկացվում է Ալավերդի քաղաքում, իսկ 2014 թվականից դարձել է մարզային փառատոն և գնալով ստանում է միջազգային ընդգրկում: