Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր մամուլի ասուլիսով ազդարարվել է Մայր թատրոնի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի մեկնարկը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը, «Լիթ մուն» թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Ջոն Բլոնդելլը, ռեժիսոր Լիլի Էլբակյանը։

Ազդարարելով թատրոնի 100-րդ թատերաշրջանը` թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն իր հարգանքն ու խոնարհումն է հղել թատրոնի այն բոլոր նվիրյալներին, ովքեր 100 տարվա ընթացքում հիմնել և զարգացրել են ազգային ակադեմիական թատրոնը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսքը սկսել է շնորհավորանքով՝ ուղղված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը, ստեղծագործական անձնակազմին, աշխատակազմին, թատերական գործիչներին և թատերասեր հանրությանը:

«Բոլորին է հայտնի, որ հայ թատերական մշակույթի ձևավորման և կայացման գործում ահռելի նշանակություն և դեր է ունեցել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը և՛ դերասանական դպրոցի ձևավորման, և՛ բեմադրական արվեստի ձևավորման, և՛, առհասարակ, թատերական մշակույթի ձևավորման կարևոր գործում: Այս թատրոնի անցած ուղին և ներդրումն անզուգադրելի են որևէ այլ բանի հետ: Իմ խոնարհումն անցյալի բոլոր մեր մեծանուն արտիստերի, բեմադրիչների, ստեղծագործողների, գործիչների հիշատակի, ինչպես նաև ներկայիս գործող արտիստների առջև, ովքեր 100 տարի անընդմեջ տանում են մեր առաջին պետական թատրոնի հարուստ, հետաքրքիր պատմությունը` փառահեղ դրսևորումներ ունեցող անցյալով: Մենք անվերջ կարող ենք խոսել անցյալի մասին, եթե այդ անցյալը չունենա արժեք, եթե այն չի իմաստավորվում ներկայի մեջ և չի ստանում ներկայի փոխակերպումները»,- ընդգծել է Արա Խմզմալյանը և հավելել, որ, բարեբախտաբար, ազգային ակադեմիական թատրոնը, փայլուն գիտակցելով իր թիկունքում եղած անցած ճանապարհը, չի վախենում փոփոխություններից, գեղարվեստական նոր ձևերի ներմուծումից, զգում է միջազգային միտումների և, ընդհանրապես, հանրային տրամադրությունների փոխակերպումների ընթացքը:

Անդրադառնալով հոբելյանական տարվա նշման ձևաչափին` նախարարի տեղակալն ասել է, որ թատրոնի ղեկավարության հետ քննարկվել են հոբելյանական միջոցառումները. առաջիկայում միջոցառումների նախագիծը կներկայացվի ԿԳՄՍ նախարարին:

«Մենք չենք ուզում, որ հոբելյանական ծրագիրը լինի թատրոնի 100-ամյա տարեդարձի զուտ նշանավորումը, այլ՝ ուղենիշ, թե փոխակերպումների ինչ ճանապարհով պետք է ընթանա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը»,- կարևորել է Արա Խզմալյանը և շնորհավորել թատրոնի ողջ անձնակազմին՝ մաղթելով ստեղծագործական ներշնչումներ ու հանդուգն գեղարվեստական որոնումներ:

ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, շնորհավորելով գործընկերներին 100-ամյակի առիթով, նշել է, որ իր բեմադրած պիեսը չափազանց հետաքրքիր է, և սեպտեմբերի 22-ին և 23–ին «Իշամեղու» ներկայացման մեջ ներգրավված դերասանական կազմը հրաշալի դերակատարումներով հանդես կգա:

Վարդան Մկրտչյանի նշմամբ` 100-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին «Պեպո» ներկայացումով, որը խորհրդանշական իմաստ ունի և որին անմիջապես կհաջորդի Դավիթ Հակոբյանի նոր բեմադրությունը` «Իշամեղուն»: Թատրոնի տնօրենի խոսքով՝ նոր թատերաշրջանի ընթացքում Մայր թատրոնը կունենա 4 պրեմիերա: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ հանդիսատեսի դատին կներկայացնի Բրեխտի «Արտուրո Ուիի կարիերան» ներկայացումը:

Արմեն Էլբակյանը նույնպես շնորհավորել է բոլորին թատրոնի 100-ամյակի կապակցությամբ և նշել, որ չնայած թատրոնի անցած ճանապարհին և ստեղծած ավանդույթներին` այն որպես երևույթ երիտասարդ արվեստ է և պետք է քայլի ժամանակին համընթաց: «Մարդիկ պետք է չկորցնեն ժամանակի և տարածության զգացողությունը ու փորձեն համաքայլ լինել այն իրականության հետ, որում ապրում են»,- նշել է թատրոնի գեղարվեստական ղեկավարը և որպես ասածի հաստատում` անդրադարձել թատրոնում գործող նոր երիտասարդական «Բլաք բոքս» հարթակին, որի առկայությունը խիստ կարևորվում է, քանի որ այնտեղ են ծնվում նորարարությունն ու գեղարվեստական տարբեր մոտեցումները:

Գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը ներկայացրել է Սունդուկյանի թատրոնի 100-ամյակի համատեքստում թատերական պաստառների միջազգային փառատոնի կարգն ու պայմանները:

Թատրոնի 100-րդ թատերշրջանի կապակցությամբ թատրոնի ղեկավարությունը հրավիրել է նաև ամերիկացի ռեժիսոր Ջոն Բլոնդելլին` բեմականացնելու Սառա Ռուլի «Եվրիդիկե» ստեղծագործությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ և մասնակցել Սունդուկյանի թատրոնի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին»,- ասել է ռեժիսորն ու ընդգծել, որ իր բեմադրած ներկայացումը տարիների համագործակցության արդյունք է և ունենալու է շարունակականություն:

Թատրոնի երիտասարդ ռեժիսոր Լիլի Էլբակյանն էլ խոսել է Սունդուկյանի թատրոնի մանկական ներկայացումների ձևաչափի և պատկերացումների մասին` ընդգծելով, որ այս տարի կբեմադրի մանկական ներկայացում, որը կլինի շքեղ, ժամանակակից և հետաքրքիր: