Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում այսօր բացվել են ուսումնական խոհանոց և երիտասարդների ժամանցի սրահ` նվիրված 2020 թ. 44-օրյա պատերազմում զոհված ուսանողների հիշատակին:
Նորաբաց խոհանոցային սրահը նախատեսված է ուսումնարանում իրականացվող դուալ կրթության գործնական աշխատանքների համար: Բացի դրանից` ուսումնական խոհանոցում ֆրանսիացի բարերարների աջակցությամբ իրականացվում է անվճար սննդի ծրագիր` Արցախից տեղահանվածների և սոցիալապես անապահով ուսանողների և աշակերտների համար:
Բացմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, «Œuvre d’Orient» կազմակերպության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Սրահի կառուցումն իրականացվել է «Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության ֆինանսավորմամբ, ինչպես նաև շվեյցարական «Cédric Martin» հիմնադրամի և այլ բարեգործների աջակցությամբ։
Ուսումնական խոհանոցում «Œuvre d’Orient» կազմակերպության համագործակցությամբ իրականացվում է «Անվճար սննդի տրամադրում ծրագիրը, որի շրջանակում 197 Արցախից տեղահանվածներ, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան և «Ընտանիք» կենտրոն հաճախող 160 սոցիալապես անապահով, ծնողազուրկ ուսանողներ, ինչպես նաև 222 դպրոցականներ ապահովվում են անվճար սննդով: Բարերարների աջակցությամբ սննդի ծրագրի այս փուլը նախատեսված է մինչև 2022 թվականի փետրվար ամիսը:
Նորարարական լուծումներով ժամանակակից խոհանոցային կահավորումն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից։
Ուսումնական խոհանոցը ծառայում է նաև ուսումնարանի «Խոհարարական գործ» մասնագիտությամբ ներդրված դուալ կրթական համակարգում սովորող 50 ուսանողների գործնական աշխատանքների կազմակերպման համար։ Ընդ որում՝ ուսանողների պատրաստած կերակուրներն օգտագործվում են «Անվճար սննդի» ծրագրում։
Կարևորելով արցախցի և ՀՀ երիտասարդների համար շարունակաբար իրականացվող սոցիալական, կրթական աջակցության ծրագրերը՝ «Œuvre d’Orient» կազմակերպությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է նախարարության մեդալով: Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարգևը հանձնել է ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության գլխավոր տնօրեն, Ֆրանսիայի Արևելյան կաթոլիկների օրդինարիատի գլխավոր փոխանորդ, եպիսկոպոս Պասկալ Գոլնիշին:
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի 30-ամյակի կապակցությամբ ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրվել նաև կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը:
Ֆրանսիական «Œuvre d’Orient» կազմակերպության ծրագրերի ղեկավար Էգլանտին Գաբե-Իալենը և ֆրանսահայ բարերար Արամ Ջաբուղյանի ընտանիքի ներկայացուցիչներին տրվել են ԿԳՄՍՆ պատվոգրեր: Պարգևներ են հանձնվել նաև Գյումրու քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի կողմից:
Հավելենք, որ ՀՀ Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև մի շարք ուսումնական հաստատություններ: