Այսօր՝ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մասնակցել են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պատասխանատուները:

Հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործընթացին (այդ թվում՝ քոլեջից բուհ անցմանը, մագիստրատուրայի թափուր տեղերի վերաբաշխմանը), ուսման վարձի փոխհատուցման (լրիվ, մասնակի), ներբուհական հարցերի կարգավորմանն ուղղված աշխատանքների բարելավման և ուսումնական գործընթացի վերաբերյալ ուսանողների շրջանում տեղեկատվության բարձրացմանը, լիցենզավորման գործընթացին, բուհերի ֆինանսավորման դիվերսիֆիկացիային:

Պարտադիր չէ, որ բոլորը դառնան բուհի ուսանող

«Քոլեջից բուհ անցումը պետք է կազմակերպվի նորմալ մրցութային կարգով: Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է, այլ ոչ թե ապահովել, որ բոլորը դառնան բուհի ուսանող»,- ասել է նախարարի տեղակալը՝ ներկայացնելով միասնական մոտեցման հիմնական սկզբունքը՝ կոնկրետ մասնագիտության համար դիմորդը, անկախ բուհից, պետք է հանձնի նույն քննությունները: Օրինակ՝ մի բուհում տուրիզմի ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ է քննություն հանձնել մաթեմատիկայից, մեկ այլ բուհում՝ աշխարհագրությունից, մյուսում՝ օտար լեզվից: Քննությունների քանակական առումով էլ մոտեցումը պետք է նույնը լինի. Առնվազն՝ երկու քննություն, ևս մեկը կարող է լինել դիմորդի ընտրությամբ:

Բուհերի ներկայացուցիչները բարձրացրել են այն հարցը, որ հաճախ իրենց քոլեջների մոտիվացված շրջանավարտները դուրս են մնում մրցույթից, քանի որ մեկ այլ քոլեջի բարձր առաջադիմությամբ ուսանողները համալրում են բոլոր տեղերը, դեպքեր կան, երբ հավասար միավորներ ստացած դիմորդների թիվն անցնում է մի քանի տասնյակից: Որպես լուծում առաջարկվում է պայմանագրեր ստորագրել այն քոլեջների հետ, որի դեպքում ավելի նպատակահարմար է, որ իրենց շրջանավարտները համալրեն տվյալ բուհի ուսանողների շարքերը: Բացի դրանից՝ հնարավոր է՝ վերանայվի բուհերի հեռակա ուսուցման համակարգում քոլեջներին հատկացվող 20 տոկոսի շեմը:

Քննարկվել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում գնահատման միասնական չափանիշներ սահմանելու հարցը: Նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ բուհերում կիրառվում են միջին որակական գնահատականի տարբեր շեմեր և սահմաններ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ սովորողների շարժունությանը:

Բուհը պետք է լինի զարգացող կառույց, այլ ոչ թե սոցիալական հիմնարկ

Անդրադառնալով մագիստրատուրայի թափուր տեղերի վերաբաշխման թեմային՝ փոխնախարար Թռչունյանն առաջարկել է կանխատեսումներն ու հաշվարկները կատարել նախապես, այլ ոչ թե թափուր մնալուց հետո դիմել վերաբաշխման համար: Որպես կանոն, թափուր տեղերի վերաբաշխումը կատարվում է ըստ դիմորդների ձևավորած պահանջարկի, ինչը զարգացմանը միտված մոտեցում չէ: Բուհերը պետք է կատարեն աշխատաշուկայի ուսումնասիրություն և առաջարկեն մրցունակ ծրագրեր՝ այդպիսով ուղղորդելով դիմորդներին: Տարբերակված մոտեցում կարող է կիրառվել միայն սպորտի և արվեստի բուհերի պարագայում, երբ ուսանողի մասնագիտության ընտրությունը, նախասիրությունից զատ, որպես կանոն, պայմանավորված է նաև ֆիզիկական տվյալներով և տաղանդով:

Լիազոր մարմինն այս փուլում կուսումնասիրի բուհերի տրամադրած տվյալները ֆինանսական հաշվետվությունների մասով՝ վերլուծություններ կատարելու և լուծումներ առաջարկելու նպատակով: Կ. Թռչունյանի կարծիքով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է պատրաստեն բարձրակարգ ու մրցունակ մասնագետներ, դասավանդողների առաջ պետք է խնդիր դնել չսահմանափակվել միայն լսարանում դասախոսություններ կարդալու պրակտիկայով. պետք է այն զուգակցել նաև հետազոտական աշխատանքով և միջազգային ծրագրերին մասնակցությամբ: Հարկավոր է վերանայել դասավանդման և ուսումնառության սկզբունքներն ու մեթոդները:

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև բուհերի ֆինանսական հնարավորությունների հարցին՝ ընդգծելով, որ բուհերը, բացի ուսման վարձից, ֆինանսական այլ աղբյուրներ գրեթե չունեն, ինչը, ըստ նրա, արդյունավետ մոտեցում չէ բուհի զարգացման և որակյալ կրթության ապահովման տեսանկյունից: Արձանագրելով, որ այսօր բուհերն իրենց միջոցների մեծ մասն ուղղում են աշխատավարձի ֆոնդին, ինչը լուրջ խոչընդոտ է զարգացման տեսակետից, նախարարի տեղակալն առաջարկել է լինել նախաձեռնող օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավման ուղղությամբ:
Կարեն Թռչունյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում են նաև փոփոխություններ լիցենզավորման գործընթացում, վերանայվելու են բուհերին տրված լիցենզիայի տեղերի թիվը, լիցենզավորման պայման-պահանջները, քննարկվում է դրանք սահմանել ըստ ոլորտների (օրինակ՝ բժշկական մասնագիտությունների համար):

Ուսման վարձի փոխհատուցման մասին՝ պատշաճ իրազեկում

Բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը ներկայացրել է նախարարության մշակած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի նոր նախագիծը, որը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում ամրագրված կարգավորումներից, ըստ որոնց՝ բուհերում սոցիալական տարբեր խմբերի պատկանող սովորողները կօգտվեն ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչերից` ըստ առաջադիմության:

44-օրյա պատերազմի, ինչպես նաև ընդհանրապես մարտական գործողությունների մասնակիցները կօգտվեն պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից:

Ինչ վերաբերում է անապահով ընտանիքների ուսանողներին, ապա մեծ ուշադրություն է դարձվելու միջին որակական գնահատականին. շեմը նախատեսվում է էականորեն բարձրացնել՝ մինչև 60 տոկոս: Ստացվում է, որ անապահովության բավարար միավոր ունեցող ընտանիքի ուսանողը չի կարող օգտվել ուսման վարձի արտոնությունից, եթե չունի բարձր առաջադիմություն:

Այսպիսով՝ պետության կողմից ուսման վարձի զեղչից օգտվելու համար ուսանողները պետք է ապահովեն ՄՈԳ-ի որոշակի շեմ. միաժամանակ զեղչի տոկոսը կավելանա ՄՈԳ-ի ցուցանիշի բարձրացմանը զուգահեռ:

Նախարարության ներկայացուցիչները կարևորել են, որ բուհերի համապատասխան բաժինների աշխատակիցները բավարար չափով տեղյակ լինեն ուսանողների այս կամ այն խմբին տրամադրվող արտոնությունների մասին և պատշաճ ուղղորդեն և իրազեկեն շահառուներին: Այդ նպատակով կարող են օգտագործվել բոլոր հնարավոր եղանակները՝ բուհերի կայքերը, սոցիալական ցանցերի էջերը, տեսանելի վայրերում փակցվող կամ պայմանագրի հետ տրամադրվող իրազեկող նյութերը: Բացի դրանից՝ ուսանողները պետք է իրազեկվեն նաև ուսման վարձի զեղչի համար ամբողջական փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի ու ներկայացման ժամկետների մասին:

Քննարկման ավարտին նախարարի տեղակալ Կ. Թռչունյանն ասել է, որ բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ, քանի որ ոլորտի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է անդրադառնալ բոլոր հուզող հարցերին ու փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: