Տեղի է ունեցել «Բացահայտե՛ք աշխատուժի զարգացման հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով «կլոր սեղան» քննարկում շահագրգիռ կողմերի միջև: Միջոցառման մասնակիցներն էին բիզնես-ընկերությունների, հայաստանյան բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն ապագա սերնդի կրթման գործընթացին:

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Միջազգային կրթության ամերիկյան խորհրդի, Հայ-ամերիկյան առևտրային պալատի կողմից:

Հանդիպման նպատակն էր վեր հանել աշխատաշուկայում առկա խնդիրները ոչ միայն բիզնեսի, այլև պետական քաղաքականության համատեքստում, քննարկել աշխատող-աշխատաշուկա կապն ամրապնդող մեխանիզմների և մեթոդների մշակման քայլերը, 21-րդ դարի հնարավորություններն ու հմտությունները աշխատաշուկայի զարգացմանը հարմարեցնելու հնարավորությունները, նախանշել կրթական մակարդակները, որոնք առավել պահանջված են աշխատաշուկայում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին քննարկման ձևաչափի համար և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական:

«ԿԳՄՍ նախարարությունը ևս հետաքրքրված է նմանօրինակ ծրագրերով՝ գնահատելու առաջիկա 5-10 տարիներին աշխատաշուկայում կադրերի անհրաժեշտ կրթական մակարդակը և որակավորումները»,- ասել է փոխնախարարը՝ հետագա համագործակցության և արդյունավետ աշխատանքի առումով պատրաստակամություն հայտնելով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հավելել է, որ ուսումնասիրելով ոլորտի խնդիրները՝ դրանց հիմնաղբյուրը համարում են կրթությունը, կրթական բոլոր մակարդակներում կարիքների ճիշտ նկարագրումը, որի ուղղությամբ կատարվում են շարունակական աշխատանքներ ԿԳՄՍՆ գործընկերների հետ:

Աշխատուժի և աշխատաշուկայի գնահատմանն ուղղված քննարկումները նույն համատեքստում, բայց այլ թեմաներով կկազմակերպվեն նաև առաջիկայում և կընդգրկեն նաև այլ ոլորտների ներկայացուցիչների: