Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցկացնում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության 14-35 տարեկան քաղաքացիները (հեղինակ՝ ֆիզիկական անձինք կամ ստեղծագործական խմբեր):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ պատրաստել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով պաստառներ կամ տեսահոլովակներ և մինչև 2021 թ. հոկտեմբերի 1-ն ուղարկել www.anticorruption.life պաշտոնական կայքին՝ ըստ համապատասխան կարգավորումների:

Ներկայացվող պաստառներում և տեսահոլովակներում պետք է յուրօրինակ, դիպուկ և տպավորիչ արտացոլվեն կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների և բացասական հետևանքների, դրա դեմ պայքարում իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ հեղինակների պատկերացումները: Մրցույթն անցկացվում է «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում: Աշխատանքները ներկայացվում են ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չիներեն, ֆրանսերեն և ռուսերեն:

Մրցույթի արդյունքներն ամփոփվում և հաղթողների որոշման գործընթացն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում մրցույթի կազմակերպչի կողմից՝ մասնակցություն ունեցած այլ երկրների իրավասու մարմինների ներկայացուցիչների ընդգրկմամբ ձևավորված մրցութային ժյուրին ընդունված բոլոր աշխատանքներից մինչև 2021 թ. հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ընտրում է սոցիալական գովազդի լավագույն 50 պաստառները և լավագույն 50 տեսահոլովակները, որոնք հրապարակվում են մրցույթի պաշտոնական կայքի «Մասնակիցների աշխատանքները» բաժնում՝ առցանց քվեարկության նպատակով:

Երկրորդ փուլում՝ 2021 թ. հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, իրականացվում է առցանց քվեարկություն, որին կարող են մասնակցել մրցույթի պաշտոնական կայքի բոլոր այցելուները:

Հաղթող (առաջին տեղ) և մրցանակակիրներ (2-րդ և 3-րդ տեղեր) են ճանաչվում այն մասնակիցները, որոնց աշխատանքներն առցանց քվեարկության արդյունքում ստանում են ամենաշատ ձայները: Մրցույթի արդյունքների վերջնական ամփոփումը, հաղթողների և մրցանակակիրների հայտարարումը, կազմակերպչի կողմից վերջիններիս պարգևատրման արարողությունը տեղի կունենա Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա (դեկտեմբերի 9) շրջանակում:

Մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացվելիք աշխատանքների ձևաչափին, անցկացման, գնահատման և հաղթողների որոշման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային մրցույթի վերոնշյալ պաշտոնական կայքում:

Մրցույթն անցկացվում է կոռուպցիայի հակազդման միջազգային համագործակցության շրջանակում՝ այդ բացասական սոցիալական երևույթի դեմ պայքարի համընդհանուր ընկալման ձևավորման, դրանում երիտասարդության ներգրավվածությունը խրախուսելու նպատակով:

Նշենք, որ նախորդ տարիներին «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային երիտասարդական մրցույթին մասնակցած Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները՝ հանրապետության մի քանի բուհերից, արժանացել են տարբեր մրցանակների: