Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն ազդարարել է ոչ ֆորմալ կրթության ոլորտում կողմերի միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանը կարևորում է ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառման և միջազգային կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը։

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բաց է ցանկացած համագործակցության համար, եթե այն հատկապես վերաբերում է ուսանողների կրթական և փոխանակման ծրագրերին։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նմանատիպ ծրագրերին. մեր համալսարանը մեծ հաջողությամբ համագործակցում է արտերկրի բուհերի, միջազգային կրթական կառույցների և կազմակերպությունների հետ, իրականացվում են «Էրազմուս+» և այլ միջազգային կրթական ծրագրեր։ Այն, ինչ կհետաքրքրի մեր ուսանողներին, բուհը պատրաստ է դիտարկել և խոշորացույցի տակ վերցնել»,- նշել է Դիանա Գալոյանը։

Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսն իր հերթին փաստել է, որ կենտրոնը ևս մեծ կարևորություն է տալիս ոչ ֆորմալ կրթության մեթոդներին, և այս առումով երկուստեք շահերը համընկնում են. «Այն, ինչ մենք անում ենք, բխում է ուսանողների շահերից։ Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը ՀՊՏՀ-ի հետ շարունակական կլինի, քանի որ երկուսս էլ մեկ հիմնարար արժեք ունենք՝ որակյալ կրթության ապահովումը»։

Հավելենք, որ Ալեքսանդրս Փոստսը Հայաստանում է՝ իբրև դասընթացավար մասնակցելու այս օրերին ՀՊՏՀ-ում ընթացող գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինար/դասընթացին: