Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության և Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական կրթության ֆակուլտետների համագործակցության արդյունքում լույս է տեսել «Նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության հոգեբանամանկավարժական պրակտիկում» («Психолого-педагогический практикум по дошкольной педагогике и психологии») խորագրով ուսումնամեթոդական ձեռնարկը:
Համահեղինակներն են ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, նույն ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ալլա Դալլաքյանը, Բելառուսի պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական կրթության մեթոդիկաների ամբիոնի դոցենտ Ելենա Ռուբլևսկայան:
Ձեռնարկում ներկայացված են գիտամանկավարժական հետազոտության ժամանակակից մոտեցումները, հոգեբանամանկավարժական պրակտիկումի կազմակերպման, նախադպրոցական կրթության սուբյեկտների հոգեբանական ուսումնասիրության մեթոդները, ինչպես նաև նախադպրոցականի զարգացմանն ուղղված հիմնական մեթոդիկաները: Այն նախատեսված է մասնագիտական ֆակուլտետի ուսանողների, դասախոսների և նախադպրոցական կրթական հաստատությունների մանկավարժների համար: