Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:
«Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցները նշում են Բաբաջանյանի հոբելյանը: «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավարության հրավերով մասնակցելու եմ Մոսկվայում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի դեսպանատանը կայանալիք համերգին կմասնակցի նաև Կոմիտասի անվան պետական լարային քառյակը:
Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանի նշանավորմանը պետական բարձր մասնակցությունը պարտադիր պայման էր, և մենք մեր մասնակցությունն ենք ցուցաբերում միջոցառմանը»,- նշել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և հավելել, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգներն ու միջոցառումները լինելու են շարունակական:
Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Ռախմանինովի անվան դահլիճում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կկատարվեն Առնո Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները, իսկ սեպտեմբերի 14-ին ՌԴ-ում՝ ՀՀ դեսպանությունում, կկայանա երեք մեծանուն կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյաններին նվիրված համերգ. կկատարվեն անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունվարի 22-ին: