ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 9-14-ը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին։

Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ:

Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը, Տաթևիկ Մելքոնյանը, Հայարփի Զուռնաչյանը և Հռիփսիմե Նահապետյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանի, երաժշտական ձևավորումը` Գոռ Մարգարյանի: Ներկայացումը նախատեսված է 16-ից բարձր հանդիսականների համար: Նշենք, որ ներկայացման առաջնախաղը կայացել է 2020 թ․ օգոստոսի 20-ին։

«Բելայա Վեժան» Բելառուսում անցկացվող միջազգային թատերական փառատոն է, որին հրավիրվում են ոչ միայն դրամատիկական, այլև տիկնիկային թատրոնները, ինչպես նաև տարբեր թատերական դպրոցներ ներկայացնող պարային համույթներ՝ ամբողջ աշխարհից: