Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հովհաննես Չեքիջյան` 60 տարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ անբաժան» խորագրով համերգը:

Համերգը կազմակերպվել է ի մեծարումն ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ղեկավարելու 60-ամյակի: Այս տարիների ընթացքում երգչախումբն ամբողջ աշխարհում ավելի քան 1000 համերգ է ունեցել՝ դառնալով մեր հայրենիքի մշակութային դեսպանը:

Հովհ. Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին՝ միջոցառումը համարելով պատմական երևույթ ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի համար:

«Իմ գործը հեշտ չի եղել, սակայն երբեք չեմ հուսահատվել: Այս ամենին հասել եմ աշխատասիրությամբ և համառությամբ»,- ասել է մաեստրոն:

Համերգի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարմամբ: Կոմպոզիտորի 60-ամյա գործունեությունը պատվել են նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի պետական կամերային, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նոր Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» մանկական, Եղվարդի արվեստի դպրոցի և Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցի երգչախմբերը, Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), «Կադանս» և «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթները: