ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով գիտության նկատմամբ նոր պահանջները: Երկու հաստատությունները համատեղ հաջողված ծրագրեր են իրականացնում ինֆորմատիկայի, աստղագիտության, երկրաբանության ոլորտներում:
«Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում շատ կարևոր են գիտական ակտիվ համագործակցությունը ՀՀ ԳԱԱ-ի և Բուլղարիայի ազգային ակադեմիայի ինստիտուտների միջև, ինֆորմացիայի և փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը Եվրոպական միության համագործակցության շրջանակում»,- նշել է Աշոտ Սաղյանը:
Դեսպան Կալին Անաստասովն արժևորել է պատմական կապերը Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև: Նա կարևորել է մեր օրերում երիտասարդության շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրվածության բարձրացումը, երիտասարդ գիտնականների միջև համագործակցության ամրապնդումը:
Քննարկվել է նաև Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի և Բուլղարիայի գիտությունների ազգային ակադեմիայի միջև համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը, ինչի կապակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը և դեսպան Կալին Անաստասովը խոստացել են ներդնել բոլոր ջանքերը: