Սեպտեմբերի 19-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են որոշ փոփոխություններ:

Մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններում կատարվել է լրացում: Ըստ այդմ՝ հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը, որը ստորագրվելու է տեղում:

Հստակեցվել են նաև պարգևատրման պայմանները: Մասնավորապես, դրամական մրցանակներով կպարգևատրվեն ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակիցները: ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք մրցմանը կարող են մասնակցել հաշվարկից դուրս և ստանալ միայն մասնակցության վերաբերյալ հավաստագրեր:

Հիշեցնենք, որ սիրողական խճուղային հեծանվավազքն անցկացվելու է մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի, և երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

Մրցաշարին մասնակցելու համար ներկայացվում է հայտ, անձնագրի կամ նույնականացման վկայականի և մրցաշարին մասնակցելու համար առողջության վերաբերյալ տեղեկանքի պատճենները: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2021 թվականի սեպտեմբերի 10-ը ներառյալ, էլ. հասցե՝ s.prazyan57@gmail.com: Հարցերի դեպքում երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00-ն, զանգահարել (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77 հեռախոսահամարներից որևէ մեկով, մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 85-81-08: