Արտաշատի քաղաքային մարզադաշտում այս տարի կիրականացվեն տարածքի բարեկարգման, բետոնային աշխատանքներ, կլուծվեն ջրահեռացման հետ կապված խնդիրները, իսկ հաջորդ տարվա գարնանը կտեղադրվի Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված աթլետիկական վազքուղի:

Նման որոշում կայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշի Արտաշատ կատարած այցի ժամանակ: Վերջինս Հայաստան է ժամանել վազքուղու կառուցման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար խորհրդատվություն տրամադրելու նպատակով: Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի ուղեկցությամբ մարզադաշտ կատարած շրջայցի ընթացքում ծանոթանալով ներկայիս պայմաններին և հաշվի առնելով եղանակային հնարավոր փոփոխությունները՝ Պավել Մարեշն առաջարկել է մինչև տարեվերջ կատարել բետոնային և ջրահեռացման համակարգի հետ կապված բոլոր աշխատանքները, իսկ 2022 թվականի մարտին տեղադրել նոր վազքուղին:

«Աթլետիկական վազքուղու տեղադրման աշխատանքներում չափազանց կարևոր են տեխնոլոգիական ճիշտ դադարները: Բետոնային աշխատանքներից հետո անհրաժեշտ է որոշ ժամանակ սպասել՝ ծածկույթի վիճակը գնահատելու և հնարավոր փոփոխությունները կատարելու համար: Սրանք կարևոր բաղադրիչներ են միջազգային ֆեդերացիայի չափանիշներին համապատասխան ծածկույթ ստանալու համար»,- ասել է Պավել Մարեշը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է Պավել Մարեշի՝ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հետ աշխատելու փորձառությունը և նշել, որ որակյալ արդյունք ստանալու համար պետք է նկատի ունենալ ոլորտի պրոֆեսիոնալների կարծիքը:

«Պավել Մարեշն աշխատում է աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի հետ, նա է համակարգելու աշխատանքները: Այս տարվա ընթացքում կիրականացվեն ոչ միայն բետոնային և ջրահեռացման բոլոր աշխատանքները, այլև կկառուցվեն աթլետիկական այլ հատվածներ՝ ցատկափոսեր, բարձրացատկի, ձողացատկի, գնդի, սկավառակի, նիզակի նետման հատվածներ: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ մարտին՝ 15 օրվա ընթացքում, կտեղադրվի աթլետիկական նոր վազքուղին: Այդպիսով՝ Հայաստանի հաջորդ առաջնությունը կկազմակերպենք աթլետիկական նոր ստադիոնում: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան խոստացել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ստադիոն ունենալու դեպքում Եվրոպայի չեմպիոն կունենանք: Դա իսկապես կլինի լավագույն շնորհակալությունը»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքների համար մրցույթն արդեն հայտարարված է, այն կամփոփվի այս ամիս, ինչից հետո անմիջապես կմեկնարկեն աշխատանքները: Համայնքապետը վստահեցրել է՝ կանեն առավելագույնը նախանշված ժամկետից չշեղվելու համար: