Հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվել է նոր ուսումնական տարվա սկիզբը:
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ ընդգծելով կրթության կարևորությունը մեր երկրի զարգացման և առաջընթացի գործում. «Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Միայն կրթված քաղաքացին է կարողանում կերտել հզոր պետություն և աշխատել՝ ի փառս հայրենիքի: Նոր ուսումնական տարին կրթօջախը սկսում է առավել բարեկարգված պայմաններում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ աշխատանքներին՝ այդպիսով նպաստելով նաև մեր երկրի շենացմանը: Թող բոլոր աստվածահաճո գործերն ավարտվեն հաղթանակով: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, բարի երթ և ուսումնական հաջողություններ եմ մաղթում»:
Նշենք, որ ամառային արձակուրդի ընթացքում Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում ընթացել են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ՝ բարեկարգվել են մարզադահլիճը, ֆուտբոլի խաղադաշտը, հանդիսությունների դահլիճը, տարածքն ասֆալտապատվել է, վերանորոգվել է տանիքը։ Բացի դրանից՝ ուսումնական հաստատությունը համալրվել է նոր գույքով և տեխնիկայով: Շինարարական աշխատանքներում նշանակալի ներդրում է ունեցել բարերար Արտյոմ Հարությունովը, որին Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել:
Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանի խոսքով՝ բարեկարգված միջավայրն ավելի է մեծացնում ուսհաստատության՝ որակյալ կրթություն տալու պատասխանատվությունը. «Մեծարենցյան կրթօջախը նոր շունչ է ստացել: Միևնույն ժամանակ, մեծացել է մեր պատասխանատվությունը որակյալ կրթության ապահովման հարցում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ու աջակցությունն են ունեցել բարեկարգման աշխատանքներում: Թող նոր ուսումնական տարին անցնի խաղաղ երկնքի ներքո, նշանավորվի հաջողություններով և բազում հաղթանակներով»:
Օրվա միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է նաև Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ ողջույնի և շնորհավորանքի խոսք հղելով առաջին կուրսեցիներին:
«Սիրելի՛ ուսանողներ, կրթվելու համար ժամանակ չխնայեք: Մի՛ կորցրեք պահը, ստեղծեք ամուր հիմք բարեկեցիկ կյանքի համար, քանի որ ամեն ինչ կրթության ածանցյալ է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ բուհում ստացած գիտելիքների շնորհիվ ուսանողները կդառնան բարձրակարգ մասնագետներ՝ իրենց ներդրումն ունենալով Հայաստանի զարգացման գործում: