Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմսվիսբանկի» միջև օգոստոսի 31-ին կնքվել է պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը և «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:

Փաստաթղթի համաձայն՝ բանկը ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիային անհատույց կտրամադրրի բեմի համար նախատեսված ժամանակակից լուսային և այլ տեխնիկական միջոցներ։ Այս նվիրատվությամբ օպերային ստուդիան հնարավորություն կունենա բեմադրել լուսային ժամանակակից լուծումներ պահանջող բեմադրություններ, միջոցառումներ։

«Այս պայմանագիրը բուհ-մասնավոր հատված համագործակցության հիանալի օրինակ է։ «Արմսվիսբանկի» տրամադրած տեխնիկայով մեծ աջակցություն է ցուցաբերվում նախ և առաջ երաժիշտ ուսանողներին, որոնք հետագայում հանդես են գալու միջազգային բեմերում՝ բարձր պահելով Հայաստանի անունը»,- նշել է ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը։

«Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ բանկի ղեկավարությունը կարևորում է մեր երկրում մշակութային ակտիվ կյանքն ու այն նոր տեխնոլոգիաներով հագեցնելը:

«Մեծանուն հայ օպերային երգչուհի և Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի՝ Օպերային ստուդիային աջակցություն տրամադրելու խնդրանքին մենք արձագանքեցինք անմիջապես։ Տեղում այցելություն կատարելով՝ որոշում է կայացվել, որ պետք է կատարել մնայուն ու երկարատև աջակցություն, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ մշակութային կյանքում։ Մեր ցանկությունն է, որպեսզի նվիրաբերվող լուսային համակարգը նպատակային օգտագործվի և աշխուժացնի ուսումնական գործընթացը։ Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթն արժանվույնս ներկայացնելու գործում ունենանք մեր համեստ ներդրումն ու աջակցությունը»,- նշել է «Արմսվիսբանկի» գործադիր տնօրեն Գրևորգ Մաչանյանը և հավելել, որ այդ նպատակով բանկը երկար տարիներ հանդես է գալիս ՀՀ մշակութային տարբեր օջախներին աջակցություն ցուցաբերող ծրագրերով: