ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին:

Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության շրջանում վերջիններիս հեղինակության բարձրացմանը:

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ անվանակարգերով.

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
2) հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
3) հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար,
4) նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
5) նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար,
6) նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրի համար։

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնը 3 անդամներից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 23-ն է, ժամը՝ 18։00: Ժամկետից ուշ ներկայացված ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։